Թիվ 62 ավագ դպրոցը անվանակոչվել է Թաթուլ Կրպեյանի անունով
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ՀՀ ԿԳՆ Երևանի թիվ 62 ավագ դպրոցն անվանակոչվել է Ազգային հերոս, արցախյան ազատամարտի՝ Գետաշենի ինքնապաշտպանական մարտերի հրամանատար Թաթուլ Կրպեյանի անունով՝ ի հիշատակ հերոսի 50-ամյակի:
Այդ առիթով դպրոցում տեղի է ունեցել անվանակոչմանը նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ներկա են եղել նաև ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Թաթուլ Կրպեյանի ընտանիքի անդամներ, ՀՀ ՊՆ և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:
Նախարարի տեղակալ Մ.Մկրտչյանը, շնորհավորելով դպրոցի սաներին ու մանկավարժներին, ընդգծել է, որ հերոսի անունով դպրոցի անվանակոչումն անհրաժեշտ էր ոչ միայն Թաթուլ Կրպեյանի հիշատակի մեծարման, այլև նոր սերնդի արժեհամակարգի կայացման համար.
«Մենք պետք է անընդհատ անդրադարձ կատարենք նոր Հայաստանի պատմությանը և այդ պատմությունը կերտած հերոսների կենսագրությանը: Երբ այս դպրոցի աշակերտներն ուսումնասիրեն Թաթուլի կենսագրությունը, վստահ եմ՝ կնկատեն մի շատ կարևոր հանգամանք՝ նա եղել է ակտիվ ու սրտացավ անձնավորություն՝ նախքան պատերազմը: Նա մասնակցել է ազատագրական շարժմանը, իսկ երբ սկսվել է պատերազմը նման խառնվածքի տեր մարդը չէր կարող այնտեղ չլինել: Հերոս կարելի է լինել ցանկացած ժամանակահատվածում, պատերազմն ուղղակի առիթ է, իսկ հերոսի կարիք կա բոլոր ժամանակներում՝ նվիրվելով երկրին, ազգին, պետությանը: Ես ուզում եմ շնորհավորել հատկապես այս դպրոցի աշակերտներին, որովհետև Թաթուլն այն կերպարն է, ով կարող է լուրջ ազդեցություն թողնել Ձեր՝ իբրև անհատի կայացման գործում»,-իր շնորհավորանքի խոսքում նշել է Մ. Մկրտչյանը: Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաև Թաթուլ Կրպեյանի եղբայրը.
«Մենք ընտանիքում 5 եղբայր ենք եղել, Թաթուլը մեզանից ամենափոքրն էր, բայց և ամենանվիրյալը, ամենաուժեղը և ամենահզորը: Իմ մաղթանքը մեկն է՝ եղեք Թաթուլի պես նվիրյալ և կարողացեք տեր կանգնել մեր հողերին, մեր հաղթանակներին, և մեր հայրենիքին»,-դիմելով դպրոցականներին նշել է հերոսի եղբայրը՝ Սերգեյ Կրպեյանը: Կրպեյանի անվանատախտակի բացման պատիվը վերապահվել է հերոսի եղբորն ու դպրոցի տնօրեն Մ. Սողոմոնյանին: Միջոցառման ընթացքում դպրոցի սաները ներկայացրել են գեղարվեստական կատարումներ, այդ թվում նաև Թաթուլ Կրպեյանի բանաստեղծություններն ու մտքերը: