Բաժիններ՝

Իրականում ո՞րն էր Ֆելիքս Խաչատրյանի՝ հեռուստատեսությունից հեռանալու պատճառը

Blog.1in.am-ը գրում է. Հաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանը հեռուստատեսությունից հեռանալուց հետո բավականին անհասանելի դարձավ լսարանի համար։ Այժմ նա զբաղված է «3.33», «Մի քանի հոգի» երաժշտական նախագծերով, սակայն հարցազրույցներ չի տալիս։

-Հաճախ համերգներ տալու արդյունքո՞ւմ հասկացաք, որ Հայաստանում չկա ռեփ-կուլտուրա։ Արդյոք սա հիասթափության նշա՞ն է։

-Չէ, հիասթափություն չկա, ուղղակի հիմա նման բաների ժամանակը չէ։ Մարդկանց մի խումբ կա, որը տարված է այդ երաժշտությամբ, սակայն բոլորը չեն գնա համերգի։ Ես էլ չեմ գնում։ Չգիտեմ՝ վերջին անգամ ինչ համերգի եմ գնացել։ Հիփ-հոփը հարսանեկան չէ, ակումբային չէ, պետք է նստես, լսես։ Սա Ամերիկան չէ, որտեղ միայն կանգնած են լսում ռեփ. էնտեղ չկա ռեփ-համերգ, որտեղ նստած մարդ կա։ Աշխարհում նման բան գոյություն չունի, որովհետև այդ մարդիկ եկել են շարժվելու։

-Բայց Ձեր համերգներն էլ «նստած» չէին անցնում։

-Այո, բացարձակ էդպես չէին անցնում, բայց այդ մարդիկ կա՛մ երկրից գնացել են, կա՛մ ամուսնացել են, կա՛մ այլևս չեն հիշում։ Նույն մասսան 2-3 անգամից ավելի չի գնա այդ համերգին։

-Ֆելիքս, իրականում մասսա՞ն է պատճառը, թե Դուք ինչ-որ առումով նաև տրամադրության մարդ եք և եթե այդ պահին չունեք համապատասխան տրամադրություն, ուղղակի ոչինչ չեք անում։

-Գիտեք, եթե ճիշտն ասեմ, ես բոլոր հնարավորություններն ունեմ «3.33»-ով 20 հատ կլիպ նկարել և ներկայացնել որ ալիքով, որ ծրագրով, որ շքերթներով ուզում եմ, բայց դա ինձ չի հետաքրքրում։ Սա առանձին երաժշտություն է՝ առանձին խմբի համար։ Պետք չէ, որ այն պոպուլյար դառնա, որովհետև պոպուլյար երաժշտություն շատ կա։

Գուցե մի օր անեմ այն համերգը, որը ցանկանում եմ, բայց դրա համար 2-3 ամիս պիտի տանջամահ լինեմ։

-Ի՞նչ համերգի մասին է խոսքը՝ ակումբայի՞ն, թե՞ ակումբից դուրս։

-Կապ չունի՝ որտեղ կլինի՝ օպերայում, թե ակումբում։ Խոսքը նոն-ստոպ համերգի մասին է, երբ երգը սկսվում է և ավարտվում ժամուկես հետո։ Այսինքն՝ բոլոր երգերն իրար մեջ են մտնում, երաժշտությունը մի քիչ փոխվում է։ Շատ բարդ պրոցես է։ Ես մի քիչ հասկանում եմ, ինչքան կարողանում՝ անում եմ, կտամ Ռոլանդին կամ Սերժին, իրենք ավելի պրոֆեսիոնալ են, կուղղեն, ու նման մի բան կստանանք։

-Որքան էլ «3.33»-ը կոմերցիոն չէ, կա մի զանգված, որը հետաքրքվում է այս նախագծով։ Պարբերաբար թողարկում եք նոր երգեր, Դուք ի՞նչ արձագանքներ եք նկատում, առաջնորդվո՞ւմ եք դրանցով։

-Ես չեմ երազում, որ մեր երգերը բոլորը լսեն։ Այդ «մի զանգվածով» շատ հաճելի առաջ ենք գնում։ Երգ կա, որը բեռնում եմ «Youtube», 1500 դիտում է ունենում, սակայն այդ 1500-ն իսկապես «լսած դիտում» է։ Կան նաև երգեր, որոնք 80-100 հազար դիտում են ունենում, ես դրանք հանգիստ եմ թողնում և չեմ շարունակում այդ գիծը։ Նման մի բան կա, չէ՞, եթե երաժշտի մոտ մի բան ստացվում է, սկսում է շարունակել, դրա նման բաներ ստեղծագործել, ես այդպես չեմ անում, նույնատիպ երգեր էլ չեմ գրում։

-Իսկ Ձեր ամենասիրելի, հոգեհարազատ երգերը պոպուլյար դառնո՞ւմ են։

-Չէ։ Իմ ամենահոգեհարազատ երգերը երևի նույնիսկ չեն էլ ձայնագրվի։

-Ինչո՞ւ։

-Որովհետև ծանր, լուրջ բաներ են։ Չգիտեմ՝ իմաստ կունենա՞ դրանք ներկայացնել։

-2 ալբոմ էիք խոստացել, որոշ նոր երգեր եք թողարկել, իսկ ալբոմ կլինի՞։

– Ես հնարավորինս շատ եմ աշխատում, արդեն մի շարք երգեր եմ բեռնել «Youtube»։ Մոտ ժամանակներս 6-7 թրեքանի մի ալբոմ էլ կթողարկեմ։ Հավանաբար մի քանի օրինակով էլ CD կտպեմ։ Այս տարվա համար երևի թե այսքանը։

-Նարեկը Հայաստան գալու ծրագրեր չունի՞։ Նրա՝ ԱՄՆ-ում գտնվելու պատճառով «3.33»-ը չի՞ տուժում։

-Չգիտեմ՝ երբ կգա, միգուցե՝ վաղը, միգուցե՝ 2 տարուց։ Բնականաբար, տուժում է, սակայն «3.33»-ը երաժշտական գիծ է, որը շարունակվում է, եթե մեկը կա։

– Իսկ Ավոյի հետ համագործակցությունն ի՞նչ փուլում է։

– Ավոն ջութակահար է, իր գործերն ունի, սակայն երբ գալիս է, նրա հետ համագործակցում ենք։ Եթե ցանկանամ ինչ-որ մեկի հետ ինչ-որ բան անել, դա Ավոն է։

-Ֆելիքս, մարդիկ երբեմն դեռ խոսում են հեռուստատեսություն Ձեր հնարավոր վերադարձի մասին։

-Ես բացարձակ հետաքրքրված չեմ, թե մարդիկ ինչ են քննարկում։

-Բայց այդ մարդիկ հետաքրքրված են Ձեր գործունեությամբ։

-Ամեն ինչ հնարավոր է, չգիտեմ։

-Վերադառնալու ցանկություն ունե՞ք։

-Եթե լավ առաջարկ լինի, այո։ Լավ առաջարկ ասելով՝ նկատի ունեմ ոչ թե ֆինանսական, այլ գաղափարական և հեռուստատեսային մասը։

-Ի վերջո, կպարզաբանե՞ք՝ ինչու որոշեցիք դուրս գալ հեռուստատեսությունից և դադար առնել։

-Ես տասը տարի ամեն օր եթերում էի, իսկ դա, հավատացեք, շատ ծանր պրոցես է, որքան էլ թեթև է երևում։ Օր կար, երբ 4 եթեր ունեի։

-Ասելիքը սպառվե՞լ էր։

-Չէ, ուղղակի շատ էի հոգնել, որովհետև բոլոր հյուրերս արդեն չորրորդ անգամ էին գալիս։ Երեկոյան ինչ-որ բան չէի ուզում անել, որովհետև միայն ուղիղ եթեր եմ ուզում, իսկ նման բան չկա։ Հիմա երաժշտական գործերով եմ զբաղված, հետո կտեսնենք։

-«3.33»-ը կոմերցիոն նախագիծ չէ, որ Ձեզ եկամուտ բերի, այլ աշխատանքով զբաղվո՞ւմ եք։

-Չէ, չեմ զբաղվում։ Ինձ վրա շատ քիչ գումար է ծախսվում, դրա համար կարող եմ չաշխատել և ապրել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս