
Ադրբեջանական ընկերությունը հրաժարվել է գազ գնել «Գազպրոմից»

Ադրբեջանի մեթանոլի գործարանը (AzMeCo), որը պատկանում է գործարար Նիզամի Պիրիևին, կասեցրել է ռուսական «Գազպրոմ» ընկերությունից գազի գնումը։
Ինչպես հայտնել են Report-ին AzMeCo-ից, գործարանի համար այլևս շահութաբեր չէ գազ գնել «Գազպրոմից» գոյություն ունեցող պայմանագրով, քանի որ մեթանոլի միջազգային գները նվազել են:
«Որոշում է կայացվել դադարեցնել գազի գնել «Գազպրոմից», քանի որ ընթացիկ պայմաններով արտադրությունը վնասով է աշխատում»,- հայտարարել է ընկերությունը:
Պայմանագրի գործունեության ժամանակ Ադրբեջանի մեթանոլի գործարանը ռուսական գազային հսկայից ավելի քան 100 մլն խորանարդ մետր գազ էր գնում:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 11-ին AzMeCo-ն պայմանագիր էր կնքել ռուսական «Գազպրոմ Էքսպորտ» ընկերության հետ: Պայմանագրով՝ «Գազպրոմը» պետք է AzMeCo-ին վաճառեր տարեկան 2 մլրդ խմ բնական գազ:
AzMeCo-ն հիմնադրվել է 2007-ին ու շահագործման հանձնվել 2013 թվականի դեկտեմբերին: Գործարանի արդյունաբերական հզորությունը կազմում է տարեկան 720 հազար տոննա մեթանոլ: