
Թալիբներն ամերիկյան F-16 կործանիչ են խոցել Աֆղանստանում

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը վնասվել է Աֆղանստանում թալիբների գնդակոծության հետևանքով, հայտնում է ABC News-ը՝ հղում կատարելով Պենտագոնին:
Դեպքը տեղի է ունեցել դեռ հոկտեմբերի 13-ին Աֆղանստանի արևելքում: Գնդակոծության հետևանքով վնասվել էր կործանիչի կայունացուցիչներից մեկը: Օդաչուն, նախազգուշական միջոցներից ելնելով, ստիպված է եղել ազատվել վառելիքի երկու բաքերից ու երեք ռազմամթերքից:
Կործանիչը, որն իրականացնում էր պարեկային առաքելություն, կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել Քաբուլի «Բաղրամ» ավիաբազայում: Օդաչուն գնդակոծության հետևանքով չի տուժել:
Դեպքի հանգամանքները հետաքննվում են: Չի հաղորդվում, թե ինչ զենքից է վնասվել F-16-ը:
Պենտագոնում միայն նշել են, որ կործանիչը թռչել է ցածր բարձրության վրա: