«Տիտղոսային ընդդիմություն և իշխանություն ջրբաժանով չի անցնում «այո»-ի և «ոչ»-ի ջրբաժանը»
Հայ հեղափոխական դաշնակությունը սահմանադրական փոփոխությունների «այո»-ի լայնամասշտաբ քարոզչությունն, ամենայն հավանականությամբ, սկսելու է նոյեմբերից: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նախատեսում են մարզային այցելություններ, հանդիպումներ քաղաքացիների հետ, իսկ մինչ այդ հեռուստատեսային քարոզչություն են իրականացնում և կուսակցական շարքերում հստակ ներկայացում են սեփական տեսակետները:
Թե´ «այո»-ի և թե´ «ոչ»-ի ճամբարներում ուժերի մասնատվածությունը Ա.Մինասյանը նորմալ գնահատեց, քանի որ 2 ճամբարներում էլ տարբեր քաղաքական և գաղափարախոսական հայացքներ կրողներ են. «Սա ևս մեկ անգամ հաստատում է այն պնդումը, որ տիտղոսային ընդդիմություն և իշխանություն ջրբաժանով չի անցնում «այո»-ի և «ոչ»-ի ջրբաժանը: «Այո»-ի ճակատում հանդես են գալիս թե´ իշխանության, թե´ ընդդիմության ներկայացուցիչներ, ինչպես որ՝ «ոչ»-ի ճամբարում կան ընդդիմության կամ քաղաքական չեզոք դիրք ունեցող, կամ առանձին դեպքում նաև իշխանության ներկայացուցիչներ: Եվ դա, բնականաբար, բերում է նրան, որ «այո»-ի և «ոչ»-ի քարոզչությունը տարբերվում է, նույն «այո»-ի մեջ իշխանությունն իր «այո»-ն հիմնավորում է այլ հիմքեր նկատի ունենալով, ՀՅԴ-ն՝ որպես մեր սկզբունք և հավատամք, որ կառավարման համակարգի փոփոխությունն ու սահմանադրական փոփոխությունները կբերեն երկրի ավելի ժողովրդավարացման և զարգացման իրական հնարավորությունների ստեղծմանը: Կան նաև այլ «այո» ասողներ, որոնց հիմնավորումները այլ են և ոչ-ի մեջ էլ կա նման տարբերակում»: