Պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատի «Տո ես ձեր…» հոդվածի թիրախում թուրքական իշխանություններն են. Ermenihaber.am
«Պոլսահայ հայտնի լրագրող, թուրքական ընդդիմադիր «Taraf» թերթի սյունակագիր Հայկո Բաղդատը, ում դեմ Անկարայի քաղաքապետ Մելիք Գյոքչեքը դատ էր բացել իրեն «հայ» անվանելու համար, «Տո ես ձեր…» վերնագրով հոդվածում թուրքական իշխանություններինխիստ քննադատության է ենթարկում իրենց ընդդիմախոսներին հալածելու համար:
«Մարդը դուրս է գալիս և դիմացինին «հայ» է անվանում՝ կարծելով, թե վիրավորում է վերջինին: Այս կուսակցության անդամները հայ են, այն կուսակցության հանրահավաքին գնացողները ծպտյալ հայեր են: Այսպես ասելով՝ միլիոնավոր մարդկանց առաջ շոու է սարքում: Այդ մարդը ցանկանում է, որ ապրենք այնպիսի միջավայրում, որտեղ «հայ» բառի պատասխանը ավելի սաստիկ լինի քան մայր կամ քույր հայհոյելու պատասխանը»,- գրում է Բաղդատը՝ ակնարկելով Անկարայի քաղաքապետ Մելիք Գյոքչեքին:
Շարունակելով միտքը.
«Վեր ես կենում ու պատասխանում ես՝ «հայը դու ես, ստոր մարդ: Ինչպե՞ս ես համարձակվում այդպես խոսել: Իսկ հաջորդ օրը լուրերում կարդում ես՝ Հայկո Բաղդատը 2.5 տարվա ազատազրկման է դատապարտվում: Մարդուն ստոր է ասել, հայ է ասել:
Այս իշխանություններն իրենց բոլոր ընդդիմախոսներին ահաբեկիչ են հայտարարում: Ուղիղ եթերներից ու թերթերթի շապիկներից երկիրը լցնում են այնպիսի լուրերով, իբրև թե FETÖ-ն (Ֆեթոլահական (Գյուլեն) ահաբեկչական կազմակերպություն), PKK-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն), DHKP-C-ն (Ժողովրդի փրկության հեղափոխական կուսակցություն-ճակատ), Doğan Medya-ն, հայկական սփյուռքը, հրեական լոբբին, այդ բոլորը միասին թուրքական պետության դեմ են դուրս եկել: Քրդերի «պահապան» Մեհմեթ Մեթիների ու հայերի «պահապան» Մարգար Եսայանի նման 15-20 զավզակ էլ ամեն Աստծո օր անուններս են սևացնում:
Ասում ես. «Ահաբեկիչը դու ես: Նրանք, ում բեռնատարներով զենք էիր ուղարկում, հիմա աչքներիդ առաջ մեր երիտասարդներին են սպանում:»
Ասում են. «Թուրքիայի հանրապետությանը ահաբեկիչ անվանեց, խփեք այդ անպարկեշտին»:
Դատարանները լցնում են ընդդիմադիր լրագրողներով:
Դու էլ ասում ես. «Ես չեմ հավատում այս արդարադատության համակարգին»:
Ասում են. «Սա մեղավոր է ճանաչվում ժողովրդին ատելության ու թշնամության դրդելու համար»:
Ահա այս ամեն ինչի պայմաններում երկրի նախագահը վեր է կենում ու ասում. «ԺԴԿ-ն (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) բոլոր խելապակասներին պատգամավորի թեկնածու է առաջադրել: Ահաբեկչության այդ աջակիցներին իրենց տեղը ցույց ենք տալու»:
Ասում ես. «Ինչպե՞ս ես խոսում: Դու պատվովդ ես երդվել, որ անկողմնակալ ես լինելու»:
Վայնասուն են բարձրացնում. «Մեր նախագահին բան ասեցի՞ր: Գրոհեք սրա թերթը, տունը»:
Նմանատիպ նախադասություններով պատասխան տամ.
Իրական խելապակասը Դուք եք:
Ահաբեկիչն էլ, դավաճանն էլ, գողն էլ, «հայն» էլ, անհավատն էլ, մարդասպանն էլ, անջատողականն էլ, անդաստիարակն էլ Դուք եք:
Twiter-ում գրություններիս տակ «Ձայնդ կտրիր» գրող դատավորին ի պատասխան էլ ասում եմ. «Ինքդ լռիր»:
Գուցե փոքր-ինչ հանգստացա:
Համեցեք»: