Ոստիկանները մեղադրել են «Սեքս առաջարկելու» մեջ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցի մասնակից Ելենա Օվսյաննիկովան իրեն վիրավորելու և զրպարտելու, իրեն թեթևաբարո կին ներկայացնելու, իրեն ստորացնելու, ծաղրի ենթարկելու համար դատի է տվել ՀՀ ոստիկանությանը, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին, ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանին և ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին։

Երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ այս գործով առաջին նիստը, որը սակայն հետաձգվեց, քանի որ պատասխանողներից երկուսը չկային։ Հունան Պողոսյանը չէր ներկայացել, քանի որ չէր ծանուցվել։ Հետաքրքիր է, որ ոստիկանությունը ներկայացնում էին Վովա Գասպարյանի կողմից լիազորված երկու անձ։ Փաստորեն, նրանց Գասպարյանն ասել որ, որ դատ կա, իսկ իր տեղակալին՝ ոչ։ Նարեկ Մայիլյանը ծանուցվել էր, բայց չէր եկել դատարան, չնայած, ամենախայտառակ գրառումները Օվսյաննիկովայի մասին հենց նա էր արել։ Ահա դրանցից մեկը Մալյանի ՖԲ էջից վերցված․

«Սա գնում գալիս, մոտենում էր զորքին, – գրում է Մալյանը Օվսյաննիկովայի մասին, – կանգնում էր զինվորների դեմ դիմաց ու զինվոր առ զինվոր նույն անգիր արած տեքստն էր ասում. «Տղամարդու համար ավելի հաճելի գործեր կան, առաջարկում եմ թողնես ամեն բան ու մենք միասին զբաղվենք սեքսով»:

Տղաները չէին պատասխանում, բայց տեղեկացնում էին, որ մի անբարոյական կա, գալիս սեքս է ուզում անի բոլորի հետ: Երբ հունիսի 23-ին երեկոյան հերթական անգամ սա ընկերուհու հետ մոտեցավ զորքին ու սկսեցին նույն տեքստերը ասել, սպաներից մեկը բարկացավ հայհոյեց ու ասեց մյուս անգամ եթե մոտենա զորքին նրա սեքսուալ ֆանտազիաները ամբողջ զորքը սիրով կիրականացնի, առավել ևս տղաները դրա կարիքը ունեն»:

Վիրավորված կինը, որը ՌԴ քաղաքացի է և Երևանում բնակվում է հայ ամուսնու և երեխաների հետ, հայ պաշտոնյաներից պահանջում է հերքել իր վերաբերյալ տարածած տեղեկությունները, ներողություն խնդրել և 7 մլն դրամի բարոյական փոխհատուցում վճարել՝ 2-ական մլն ոստիկանությունից, Մայիլյանից և փոխոստիկանապետից, և 1 մլն պատգամավոր Էդմոն Մարուքյանից։ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցի օրը, երբ պատգամավորները կենդանի պատ էին կազմել ցուցարարների և ոստիկանների միջև, հայացքներով պացիֆիստ Օվսյաննիկովան մոտեցել է ոստիկաններին և պատգամավորներին և կոչ է արել զերծ մնալ բռնությունեներից։

Հունան Պողոսյանը պահանջել է, որ նա հեռանա, ասելով, որ «գրգռում է ոստիկաններին, քանի որ նրանք սեռական քաղցի մեջ են (сексуально озабочены)»: Նարեկ Մալյանը, քծնելով Հունան Պողոսյանին, ավելի է ծանրացրել նրա մեղքը, իր ՖԲ էջի գրառումներում Ելենային ներկայացրել է որպես «միջազգային մասշտաբի սադրիչ», «հակապուտինիստ», հարբած ուկրաինուհի, որը այդ օրը ոստիկաններին առաջարկում էր քնել իր հետ, իսկ պատգամավոր Մարուքյանը, որը նաև իրավապաշտպան է, ըստ հայցադիմումի, «փորձել է պատրանք ստեղծել, թե իբր Օվսյաննիկովան հենց այն ուկրաինական սադրիչն է, որի մասին զգուշացնում էին և որը փորձել է նաև գայթակղել ոստիկաններին»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս