Անն Բրասյորն Ալիևին նամակ է ուղղել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դիմել է նամակով` խորը մտահոգություն հայտնելով Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցում իրադրության վատթարացման առնչությամբ:

ԵԽԽՎ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հիշեցնելով Եվրոպայի խորհրդի առաջ Ադրբեջանի ստանձնած պատավորությունների մասին` Բրասյորն առանձնացրել է անհանգստություն առաջացնող չորս հիմնական կետ:

Նախ ԵԽԽՎ նախագահն անդրադարձել է ադրբեջանցի իրավապաշտպաների և լրագրողների նկատմամբ երկարատև բանտարկությունների վերաբերյալ որոշումներին: «Այս դատական որոշումները բացասաբար են ազդում Ադրբեջանում խոսքի ազատ արտահայտման և բազմակարծության վրա, դրանք հակասում են ԵԽ առաջ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին»,- ասել է Բրասյորը:

Նա առանձնացրել է մարդու իրավունքների պաշտպանների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հետապնդումների, վիրավորանքների և ֆիզիկական բռնություն կիրառելու դեպքերը: Որպես օրինակ բերելով Իլգար Մամեդովին և Ինթիգամ Ալիևին, ինչպես նաև Լեյլա և Արիֆ Յունուսների իրադրությունը` Բրասյորը հորդորել է նախագահ Ալիևին միջամտել և վերջ տալ բանտարկյալներին վախեցնելու մոտեցմանը:

Հաջորդ կետը, որին իր նամակում ԵԽԽՎ նախագահն անդրադարձել է, առնչվում է Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը չկատարելու դիրքորոշմանը` կապված Իլգար Մամեդովին ազատ արձակելու հետ: Բրասյորը հորդորել է Ալիևին «երկրի իշխանությունների հետ համապատասխան միջոցներ ձեռնարկել սխալմունքն ուղղելու համար»:

Եվ վերջապես Անն Բրասյորն անդրադարձել է Ադրբեջանի կողմից մի խումբ երաշխավորագրերի չկատարմանը, որոնք առնչվում են ժողովրդավարական ընտրությունների կազմակերպման հարցին: Նա հիշեցրել է, որ դրանց իրականացումն անհրաժեշտ է 2015 թվականի նոյեմբերի 1-ին ժողովրդավարական և ԵԽ չափորոշիչներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս