«Գիտեմ, որ հիմա «ազգային գործիչները» վրա են տալու, բայց ասեմ իմ կարծիքը». «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Երբեմն ինձ հարցնում են՝ իսկ ի՞նչ մասնակցություն պետք է ունենան հայ լրագրողները Ադրբեջանի (կամ Թուրքիայի) հետ շարունակվող տեղեկատվական պատերազմին: Իմ պատասխանն է՝ ոչ մի: Ոչ մի լրագրող չպիտի մասնակցի ոչ մի պատերազմի: Իհարկե, լրագրողը կարող է զորակոչվել բանակ եւ մարտական գործողությունների դեպքում որպես քաղաքացի պարտավոր է պաշտպանել իր հայրենիքը, բայց դա լրագրության հետ ոչ մի կապ չունի: Կամ նա կարող է թողնել լրագրությունը, դառնալ PR-իստ, քարոզիչ եւ այդ կարգավիճակով մասնակցել երկու տնտեսական միավորների, երկու երկրների կամ երկրի ներսում տարբեր քաղաքական ուժերի միջեւ տեղեկատվական պատերազմին:

Եթե երկու տարբեր մասնագիտություններ գործ ունեն բառերի, նախադասությունների եւ տեքստերի հետ, դա ամենեւին չի նշանակում, որ դա միեւնույն մասնագիտությունն է: Եվ քանի որ ես ինձ տեղեկատվական պատերազմի մարտիկ չեմ համարում, ինձ թույլ կտամ չմիանալ մեծամասնության գնահատականներին, որոնք հնչում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Փերինչեքի գործով որոշման կապակցությամբ:

Գիտեմ, որ հիմա «ազգային գործիչները» վրա են տալու, բայց ասեմ իմ կարծիքը: Հայոց ցեղասպանությունն, անշուշտ, պատմական փաստ է: Բայց այդ փաստը հերքելը կարող է լինել պարզապես տգիտություն, կարող է լինել նաեւ նույն քարոզչական պատերազմի մի մաս: Տվյալ դեպքում գործ ունենք երկրորդ տարբերակի հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս