ԱՄՆ-ն արդիականացնում է խոշորագույն ավիառումբերը
ԱՄՆ հրամանատարությունը մտադիր է ավիաշինական Boeing կոնցեռնի հետ ստորագրել մի քանի տոննա կշռող հակաբունկերային GBU-57 (Massive Ordnance Penetrator – MOP) ավիառումբերի արդիականացման պայմանագիր, որոնք ԱՄՆ սպառազինության խոշոր ոչ միջուկային ռազմամթերքն են, հայտնում է Flightglobal-ը:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունն ընդգծել է, որ օպերատիվ կարիքները պահանջում են «MOP-երի անհապաղ արդիականացում»: GBU-57-երի ստեղծման վրա աշխատանքն սկսվել է 2004-ին, սակայն տվյալ ավիառումբերը երբեք սերիական արտադրության չեն դրվել:
Հաղորդվում է, որ դրանք արտադրվել են «ոչ մեծ քանակությամբ»: Մասնավորապես, GBU-57 ավիառումբերն ստեղծվել են այնպիսի օբյեկտների ոչնչացման համար, ինչպիսիք են Իրանի միջուկային օբյեկտները, որոնք տեղակայված են գետնի տակ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն ու ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային ադմինիստրացիան (NNSA) անցկացրել էին արդիականացված B61 միջուկային ռումբի փորձարկում: