Տիգրան Սարգսյանին այդ պաշտոնում նշանակելը ամենևին էլ պատահական չէ. «Հայկական ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը հաջորդ տարվա փետրվարից կստանձնի Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այս մասին երեկ Աստանայում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը վարելիս:
Այդ պաշտոնում Տիգրան Սարգսյանը կփոխարինի Վիկտոր Խրիստենկոյին: Ըստ Լուկաշենկոյի, այդ մասին արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել ԵՏՄ անդամ երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի նախագահները: «Մենք որոշում ենք կայացրել, որ հաջորդ տարվա փետրվարի 1-ից Հայաստանը կնախագահի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում։ Նաեւ որոշել ենք, թե ով Վիկտոր Խրիստենկոյից հետո կնախագահի հանձնաժողովը։ Դա Տիգրան Սուրենի Սարգսյանն է՝ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետը։ Նրան աջակցում է Ռուսաստանի նախագահը, նա ժամանակին աշխատել է նրա հետ…»,- ասել է Բելառուսի նախագահը:
Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ Տիգրան Սարգսյանին այդ պաշտոնում նշանակելը ամենեւին էլ պատահական չէ: Պետք չէ մոռանալ, որ նա պրոֆեսիոնալ բանկիր է` արժույթ ներդնելու մեծ փորձով: Կարելի է պնդել, որ սրանով տրվում է ԵՏՄ միասնական արժույթի ներդրման մեկնարկը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: