Բաժիններ՝

Հրապարակվել է Ադրբեջանում մինչեւ մեկ տարի ժամկետով դատապարտված զինծառայողների թիվը

Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահ Էլչին Բեհբուդովը հոկտեմբերի 14-­ին այցելել է պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող Սալյանի շրջանի Խըդըրլը ավանում տեղակայված կարգապահական բնույթի զորամաս:

Զորամաս կատարած այցից հետո modern.az կայքի հետ զրույցում Բեհբուդովն ասել է, որ այդտեղ հանդիպել է զինծառայության ժամանակ հանցագործություն կատարած դատապարտյալ զինվորների հետ:

«Այդտեղ զինծառայության ժամանակ հանցագործություն կատարած զինվորներ են պահվում: Դատարանի որոշումով պատիժ կրող զինվորների թիվը 50 է», ­-ասել է նա:

Նրա խոսքով` դաստիարակչական զորամասում պատիժ են կրում մինչեւ մեկ տարի ժամկետով դատապարտված զինծառայողները:

Իրավապաշտպանն ասել է, որ դատապարտյալ զինվորները որոշ դժգոհություններ են հայտնել իրենց վիճակից, ինչի հետ կապված` ինքը պետք է հանդիպի Ադրբեջանի ռազմական դատախազ Խանլար Վելիեւի հետ:

«Որոշ զինվորներ դժգոհ են դատարանի վճռից, հետաքննության ընթացքից: Նրանցից մի քանիսի հետ զրույցից պարզ դարձավ, որ պատժի են դատապարտվել նույնիսկ մեկ ապտակի, մի հայհոյանքի համար: Ես համաձայն եմ նրանց հետ, քանի որ այդ գործողությունների համար զորամասերում 15 օր պատիժ կրելու կալանատներ կան, եւ նման պատիժները նրանք կարող են այնտեղ կրել»,- ­նշել է Բեհբուդովը:

Artsakhpress.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս