Բուլղարիայի վարչապետը լքել է ԵՄ ղեկավարների գագաթաժողովը երկրում փախստականների ու սահմանապահների բախումների մասին լուրից հետո
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը լքել է Բրյուսելում անցկացվող ԵՄ ղեկավարների գագաթաժողովը բուլղարա-թուրքական սահմանին փախստականների ու սահմանապահների բախումների մասին հաղորդագրություններից հետո, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սահմանապահները փորձել են կասեցնել անօրինական ներգաղթյալներին, որոնք ցանկանում էին Թուրքիայից ներթափանցել Բուլղարիա: Բախումների հետևանքով 1 աֆղանցի հրազենային վնասվածք է ստացել ու հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել:
Բուլղարական իշխանությունները հայտնում են, որ ամբոխը բաղկացած է եղել Աֆղանստանից ժամանած մոտ 50 զինված ու ագրեսիվ փախստականներից, ովքեր հրաժարվել են ենթարկվել սահմանապահների ցուցումներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Բուլղարիան խստացրել է օրենքները անօրինական ներգաղթյալների տեղափոխմամբ զբաղվողների նկատմամբ: Թուրքիայի հետ սահմանին կառուցվել է նաև 260 կմ-անոց արգելապատնեշ: