«Թող գրողի ծոցը գնան ձեր ընտրություններն էլ, նախագահական պալատն էլ, պաշտոններն էլ». Դեմիրթաշ
Այս օրերին Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի ելույթը, որում վերջինս սուր քննադատություններ է հնչեցնում իշխանությունների հասցեին: Դեմիրթաշի ելույթն ունի տասնյակ հազարավոր դիտումներ ու լայնորեն քննարկվում է սոցցանցերում:
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությանը, Դեմիրթաշը հանցագործներին հայտնաբերելու հարցում իշխանություններին մեղադրել է անգործության մեջ` ասելով.
«Ստաժյոր վարչապետը նախօրեին ստերով ու ապատեղեկատվությամբ լեցուն մի ելույթ ունեցավ: Ասաց բաներ, որոնց ինքս անձամբ չի հավատում: Ես խոսում եմ որպես մեկը, ով մի քանի ամսվա ընթացքում նմանատիպ հարձակումների հետևանքով կորցրել է իր 150 ընկերներին: Ոչ Սուրուչի, ոչ Դիարբեքիրի, ոչ Գեզիի ահաբեկչության մեղավորներին չեք հայտնաբերել, պարոնայք: Անկարայի դեպքում էլ նույնը կլինի: Այս ամենի հետևում կանգնածներին ջրի երես երբեք չեք բերի:
Սա Անկարան է, երկրի մայրաքաղաքը: Այստեղ մի թռչուն էլ թռնի`ազգային անվտանգությունը տեղյակ է դրանից: Սա այն քաղաքն է, որտեղ ազգային հետախուզությունն ամենաուժեղն է: Հարյուր հազարանոց հանրահավաք է արվում, և պետությունը անվտանգության ոչ մի միջոցառում չի ձեռնարկում: Արդյունքում` 2 զինված մահապարտ մտնում են ամբոխի մեջ և իրենց պայթեցնում: Լրագրողը արդարադատության նախարարին հարցնում է, թե վերջինս արդյոք հրաժարական կտա այս ամենից հետո: Նախարարն ի պատասխան ծիծաղում է: Դիահերձարանում 100 դի կա, իսկ նախարարը ծիծաղում է: Եվ մեր երկիրը սրա՞նք են կառավարում»:
Դեմիրթաշը նշել է, որ Անկարայում տեղի ունեցածով իշխանությունները ցանկացել են ցույց տալ, որ նրանք, ովքեր իշխող կուսակցության օգտին չեն քվերակում, իրենց թշնամին են:
«Դուք եք այս երկրի ղեկավարը ու դուք եք պատասխանատու այս ամենի համար: Թույլ չենք տա, որ երկրում ամեն օր կոտորած անեք: Մեռնողը մենք ենք: Ոստիկանն էլ ենք մեք, զինվորն էլ, թուրքն էլ, քուրդն էլ: Որպես չքավոր ազգի զավակներ՝ մենք ենք մեռնում, ոչ թե դուք»,-ասել է նա:
Ապա քուրդ գործիչը շեշտել է, որ այդ ամենն ասելով բնավ չի հետապնդում քվեներ ստանալու նպատակ. «Թող գրողի ծոցը գնան ձեր ընտրություններն էլ, նախագահական պալատն էլ, պաշտոններն էլ: Մենք մեր ազգի զավակի եղունգը անգամ ձեր գողացած տրիլիոնների հետ չենք փոխի»:
Իր ելույթում Դեմիրթաշը համարձակ հայտարարություններ է արել հատկապես վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հասցեին` ասելով.
«Դու ո՞վ ես, քեզ ու՞մ տեղն ես դրել: Չափդ ճանաչի: Դու մեր վարչապետը չես և ուժով ես տիրացել այդ պաշտոնին: Թույլ չենք տա որ օր օրի դառնաս մեր մարդասպանը: Քո փոխարեն այս ամեն ինչից հետո ես թուրք ժողովրդից 100 անգամ ներողություն կխնդրեի ու հրաժարական կտայի: Մի քիչ պատիվ ունեցող մարդը նույնիսկ ոչ թե հրաժարակ կտար, այլ ինքնասպանություն կգործեր: Ամաչեք»:
Եվ վերջում Դեմիրթաշը իշխանություններին զգուշացրել է. «Չփորձեք նման միջոցներով մեզ վախեցնել: Մենք Ալլահից բացի ուրիշ ոչ ոքից չենք վախենում: Մի կյանք ունենք, դա էլ պատրաստ ենք հազար անգամ մեր ազգին նվիրաբերել: Ամաչեք ու այս երկրից հեռացեք: Հուսանք այդ օրերը մոտ են, երբ կազատվենք ձեզանից»: