
Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում վերսկսել երկխոսությունը ԼՂ հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հրաժարվել ուժի կիրառումից ու ցուցաբերել քաղաքական կամք փոխզիջման հասնելու համար, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ցավոք, քաղաքական երկխոսության վերսկսումը բարդանում է հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ, ավելանում է զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում: Հետագա էսկալացիան պարզապես անթույլատրելի է: Կոչ ենք անում կողմերին հրաժարվել ուժի կիրառումից, հանդես բերել քաղաքական կամք, որը անհրաժեշտ է փոխջիզման հասնելու համար»,- ասել է նա:
Զախարովայի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման մանրամասն քննարկվել է այս տարվա ապրիլ-մայիսին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների Մոսկվա կատարած այցերի ժամանակ:
«Հարցը Սերգեյ Լավրովի ու նրա օտարերկրյա գործընկերների ընթացիկ շփումների առարկան է: Մենք սերտորեն աշխատում ենք այդ ուղղությամբ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ: Վերջերս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում ՌԴ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահների հետ, որի ընթացքում քննարկվել են կարգավորման գործնական հարցեր այս ամիս տարածաշրջան համանախագահների այցի նախօրեին»,- հավելել է նա: