Ավարտվել է 26-ամյա պարուհու բռնաբարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 26-ամյա պարուհու բռնաբարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 26-ամյա պարուհին աշխատել է Երևանի պանդոկներից մեկում և աշխատանքն ուշ ավարտելու պատճառով տուն վերադառնալու համար առհասարակ օգտվել է տաքսի ծառայությունից:

2015թ. ապրիլին պարուհին պայմանավորվածություն է ձեռք բերել տաքսի ծառայություններից մեկի վարորդի հետ, որ վերջինս իր տաքսի ավտոմեքենայով աշխատանքից տուն տանի: Նախնական քննության տվյալներով՝ 2015թ. հունիսի 3-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, հերթական անգամ աղջիկը տուն գնալու նպատակով նստել է տվյալ տաքսի ավտոմեքենան: Վարորդն առաջարկել է «հաց ուտել» և ավտոմեքենան վարել Երևան քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկի ուղղությամբ, որտեղ աղջկա նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ՝ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Գ.Շատոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս