Ամփոփիչ զեկույց. մալայզիական «Բոինգը» խփվել է ռուսական «Բուկ» հրթիռի կողմից
Նիդեռլանդների Գիլզե-Ռիեն ավիաբազայում կայացել է մամլո ասուլիս, որտեղ փորձագետների միջազգային խումբը, որն անցկացնում էր Ուկրաինայի արևելքում խփված Malaysia Airlines-ի Boeing 777-ի կործանման պատճառների հետաքննությունը, եկել է եզրակացության, որ ինքնաթիռը խփվել է 2014 թվականի հուլիսի 17-ին ռուսական արտադրության «Բուկ» զենիթա-հրթիռային համալիրի կողմից:
Այս պնդումը ներառված է Նիդեռլանդների անվտանգության խորհրդի DSB վերջնական՝ ամփոփիչ զեկույցում, որը տարածվել է այսօր Հաագայում: Մամլո ասուլիսը վարել է DSB-ի նախագահ Տիբբե Յուստրան: Յուստրայի խոսքով՝ ողբերգության ժամանակ մալայզիական Boeing-ին շատ մոտ թռչել է ևս 3 ինքնաթիռ:
Զեկույցի համաձայն՝ հրթիռը խոցել է օդաչուի խցիկը ձախ կողմից: Հրթիռի պայթյունից հետո ինքնաթիռի գլխամասն անջատվել է ֆյուզելյաժից:
Նա հայտնել է, որ ստացված բոլոր նյութերը հաստատում են «Բուկի» վարկածը:
Ավարտելով մամլո ասուլիսը՝ Յուստրան հայտարարել է, որ DSB-ն «մանրամասն կերպով ուսումնասիրել է Ռուսաստանի Դաշնության մեկնաբանությունները, որոնց պատասխանները շարադրված են զեկույցում»:
Լրագրողներին ցուցադրվել է խփված «Բոինգի» վերականգնված կորպուսը: Զոհերի հարազատներին փորձագետները հավաստիացրել են, որ չվերթի ուղևորների մահը եղել է վայրկենական ու անցավ: