ԱՄՆ Պետդեպարտամենտը հիասթափված է Բելառուսի նախագահական ընտրություններից
Բելառուսի նախագահական ընտրություններն անցել են խաղաղ, սակայն չեն համապատասխանել միջազգային պարտավորություններին, որոնք ստանձնել է Մինսկը: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի կոմյունիկեում:
«ԱՄՆ-ը ողջունում է սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած Բելառուսի նախագահական ընտրությունների խաղաղ անցկացումը: Այդուհանդերձ, մենք հիասթափված ենք, որ ընտրությունները զգալի առումով չեն համապատասխանել միջազգային պարտավորություններին, որոնք ստանձնել է Բելառուսը, ինչպես նաև ազատ ու արդար քվեարկության անցկացման պարտավորություններին»,- ասվում է փաստաթղթում:
Դրա հետ միասին, Պետդեպը հղում է կատարում դիտորդների զեկույցներին, մասնավորապես, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Դիտորդների զեկույցները վկայում են ձայների հաշվարկների լուրջ խնդիրների, ինչպես նաև ընտրական հանձնաժողովների կազմի մասին: Բացի այդ՝ Բելառուսը կարիք ունի անկատար իրավական բազայի հիմնարար փոփոխությունների, որոնք կարգավորում են ընտրությունների անցկացումը»,- կարծում են ԱՄՆ Պետդեպում:
«Մենք կոչ ենք անում Բելառուսին հետևել ԱՄՆ-ի ու Բելառուսի 2010 թվականի համատեղ հայտարարությանը, որտեղ Բելառուսը խոստովանել է, որ ժողովրդավարության սկզբունքների ամրապնդումը ու իր տարածքում մարդու իրավունքների պաշտպանությունը առանցքային փուլ է լավացնելու երկկողմ հարաբերությունները ու կենսականորեն կարևոր է երկրի առաջընթացի ու իր քաղաքացիների համար»,- ասվում է կոմյունիկեում: