Ինչ կատարվեց Հանրապետական մարզադաշտում կիրակի երեկոյան. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ներքին ու արտաքին ահռելի մարտահրավերներն ու խնդիրները հանգստյան օրերին մի պահ մղվեցին հետին պլան՝ հասարակական մեծ ուշադրություն գրավելով լիովին այլ իրադարձության վրա: Հայաստանցիների ուշադրությունը հանգստյան օրերին կլանողը, սակայն, Երևանի տարեդարձի տոնակատարությունները չէին, որոնք մեծ աղմուկի և քննարկումների պատճառ էին դարձել մինչև այդ:
Հանրային ուշադրությունը կլանողը ֆուտբոլն էր, Հայաստանի հավաքականի վերջին խաղը «Եվրո 2016»-ի ընտրական մրցաշարում: Կիրակի օրը Հայաստանի հավաքականը Երևանում ընդունեց Ալբանիայի հավաքականին: Հայաստանի թիմի համար խաղը չուներ մարզական նշանակություն և զուտ արժանապատվության խաղ էր: Բոլորը սպասում էին, որ անհաջող ընտրական մրցաշարի գոնե վերջին խաղում Հայաստանի հավաքականը կտոնի իր առաջին հաղթանակը և այսպես ասած՝ դուռը կփակի շրխկոցով: Սակայն հաղթանակ ոչ միայն չեղավ, այլ եղավ անդեմ խաղով խայտառակ պարտություն, և Ալբանիայի հավաքականը իր համար շատ կարևոր հաղթանակ տանելով՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր:
Այն, ինչի հույսը երկու տարի առաջ ընտրական մրցաշարի մեկնարկին ունեինք մենք՝ հայ ֆուտբոլասերներս, իրականություն դարձավ ալբանացիների համար, իսկ մեզ բաժին հասան միայն բացասական էմոցիաները: Այս օրերին և առաջիկայում, բնականաբար, շատերի խոսակցության նյութն է լինելու ֆուտբոլը: Երկրպագուները դեռ մարզադաշտից սկսեցին պահանջել գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի հեռացումը: Մարզչական փորձ չունեցող Հովսեփյանը հավաքականը գլխավորեց ընտրական մրցաշարի առաջին անհաջող կեսից հետո՝ փոխարինելով հավաքականից հեռացած շվեյցարացի մարզիչ Բեռնար Շալանդին:
Սակայն մարզչի այդ փոփոխությունը որևէ կերպ չփոխեց իրերի դրությունը: Կփոխի արդյո՞ք նոր մարզիչը որևէ բան, եթե անգամ լինի, այսպես ասած, թոփ մարզիչ: Շատ դժվար է ասել: Ակնհայտ է մի բան, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մոտ խաղամակարդակի և հոգեվիճակի անկում կա ոչ միայն հավաքականի մակարդակում, այլ նաև ակումբներում՝ բացառությամբ միգուցե Հենրիխ Մխիթարյանի և Գաել Անդոնյանի, որոնք բավական հաջող են հանդես գալիս համապատասխանաբար՝ Դորտմունդի «Բորուսիայում» և ֆրանսիական Մարսելում: Սակայն այս երկու ֆուտբոլիստներով գարուն չի գա, և ակնհայտ է, որ հայկական ֆուտբոլային խնդիրների արմատները շատ խորն են»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: