Բաժիններ՝

Եղիպատրուշի բնակիչը պնդում է, որ իրեն հալածում են, սպանել են իր ութ հարազատներին, ոստիկանությունն էլ հերքում է

«Ասպարեզ» օրաթերթի խմբագրություն նամակով դիմել էր Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում (նախկին Ապարանի շրջանի Մռավյան գյուղ) բնակվող, 64-ամյա Դավիթ Թադեւոսյանը:

Վերջինս իր նամակում նշել է, թե «…գյուղի գյուղապետ Մ.Գրիգորյանին, Ապարանի ոստիկանությանը եւ ազգային անվտանգության ծառայության պաշտոնյաներին հատուկ հանձնարարություն են տվել, որպեսզի իրենց գյուղի խուլիգանաբարո ընտանիքների հետ իրեն եւ իր հարազատներին բազմաթիվ մեծ վնասներ հասցվեն»:

Դ.Թադեւոսյանի խոսքով, ԱԱԾ Ապարանի աշխատակիցները եւ ոստիկանության աշխատողներն առանց որեւէ բացատրության, իրեն բազմաթիվ սպառնալիքներ են տվել, ծաղրել են իր թշվառ վիճակը: ՀՀ նախագահին եւ նախկին գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանին բողոքելուց հետո, ոստիկաններն իրեն տնից բռնել, տարել են հոգեբուժարան, ծեծել եւ դեղեր են սրսկել:

«Այս պաշտոնյաներին բողոքելուց հետո, իրենց հանցավոր խմբի միջոցով դաժանորեն սպանվեցին իմ ութ հարազատները եւ ինձ սպառնալիքներ տվեցին, որ կսպանվեն մնացած բոլոր հարազատներդ, իսկ քեզ էլ ընդմիշտ կարգելափակեն հոգեբուժարանում, որտեղ մարդու ուղեղը քայքայող դեղեր են սրսկում: Ես արդեն վաթսունչորս տարեկան եմ, միայնակ ապրում եմ վերը նշված գյուղում: Ամիսներով տանից դուրս չեմ գալիս, ինտերնետով հաղորդակցվում եմ»,-գրել է Դ.Թադեւոսյանը, ում խոսքով, ինքը բազմաթիվ հայտնագործությունների եւ գյուտերի հեղինակ է:

Տարեց նամակագրի պնդմամբ, մեկ տարի առաջ, իր համակարգիչը դիտավորյալ փչացնել են տվել: Բացի այդ, իր անունը գրանցել են տվել հոգեբուժարանում, որպես հոգեկան հիվանդ եւ չորս տեսակ հիվանդություններ գրել, որոնցից ոչ մեկը ճիշտ չէ:

«Բոլորովին վերջերս իմ եւ հարազատներիս հանդեպ նույն անձինք նոր բռնություններ իրականացրեցին եւ մեծ վնասներ տվեցին: Ինչպես միշտ, ոստիկանությունը պաշտպանեց հանցագործներին եւ սպառնաց ինձ տանել հոգեբուժարան, եթե ես նորից բողոքեմ»,-ասում է Դ.Թադեւոսյանը:

Վերջինիս մեկնաբանմամբ, իր դեմ բազմաթիվ անգամներ մահափորձեր են կատարել եւ սննդի միջոցով թունավորել, ոստիկանների եւ գյուղապետի ներկայությամբ, իր ուղղությամբ հրազենով կրակել եւ խուլիգանական հայհոյանքներ են տվել:

Մեջբերեմ եւս մեկ հատված նամակից, որի համաձայն, մի անգամ Ապարանի ոստիկանները Դ.Թադեւոսյանին ձերբակալել եւ հինգ ժամ պահել են գյուղապետարանի մոտ:

-Ես այնտեղ գտնվող Ապարանի ոստիկանապետ Հայրապետյանին ասացի, թե ինչու՞ են ոստիկաններն ինձ ձերբակալել եւ թույլ չեն տալիս մեր տուն գնամ: Նա պատասխանեց՝ ուրեմն պետք է եւ ավելացրեց՝ մարշդ նվագիր,-մեզ ուղարկված նամակում նշել է Դ.Թադեւոսյանը:

Վերը նշվածի կապակցությամբ «Ասպարեզը» գրավոր հարցումներ էր ուղարկել ՀՀ ԱԱԾ, ՀՀ ոստիկանության Արագածոտնի Ապարանի բաժին, ինչպես նաեւ՝ Եղիպատրուշի գյուղապետարան:

Մեկ ամսից ավել է, ինչ սպասում էինք ԱԱԾ-ից ստացվող հարցման պատասխանին, սակայն մինչեւ այժմ պատասխան չենք ստացել: Այնուամենայնիվ, ԱԱԾ մամուլի կենտրոնից մեզ փոխանցեցին, որ հարցմանը կպատասխանեն:

Եղիպատրուշի գյուղապետարանից ստացված հարցմանն ի պատասխան, նշված է, որ Դ.Թադեւոսյանն իր մայրիկի մահանալուց հետո բնակվում է հայրական տանը, սակայն ինքը գյուղի մշտական բնակիչ չէ, (հաշվառված չէ), նա հոգեկան խանգարում ունի եւ դրա համար կա համապատասխան փաստաթուղթ:

-Նա ընդհանրապես տանից դուրս չի գալիս եւ չի շփվում համագյուղացիների հետ: Նա արդեն տաս տարուց ավել է՝ նման տիպի նամակներ է ուղարկում հանրապետության տարբեր գերատեսչություններին, փնովելով գյուղացիներին, գյուղապետին եւ տարբեր կառույցների ղեկավարներին: Նա գյուղապետարանի աշխատողների եւ անձամբ ինձ հետ ընդհանրապես չի շփվում եւ ինչ գրված է նամակում, դա իր երեւակայության արդյունքն է: Դ.Թադեւոսյանի ուղղությամբ համագյուղացիներից ոչ ոք հրազենային կրակոցներ չի արձակել կամ չի փորձել թունավորել:

Ըստ Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանի, Դ.Թադեւոսյանը նույնաբովանդակ բողոքներ էլ գրում է իր քրոջ եւ եղբոր դեմ:

ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժնից «Ասպարեզին» եկած գրության մեջ նշված է.

-Ձեր՝ 11.08.2015 թվականի գրությանն ի պատասխան հայտնվում է, որ գրությունը 17.08.15 թվականին գրանցվել է ՀՀ ոստիկանության Ապարանի բաժնում՝ թիվ 2 մատյանի 473-րդ համարի տակ, նախապատրաստվել են նյութեր: Նախապատրաստված նյութերով Դ. Հովսեփի Թադեւոսյանի կողմից Ապարանի ոստիկանության աշխատակիցների հասցեին ուղղված մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում:

Ըստ Ապարանի ոստիկանության պետ Աշոտ Հայրապետյանի, Ապարանի ոստիկանության աշխատակիցները երբեւէ Դ.Թադեւոսյանի հանդեպ բռնություն չեն գործադրել, չեն հալածել եւ արտաքին աշխարհի հետ շփվելուց նրան չեն զրկել:

«Դրանք իրականությանը չեն համապատասխանում եւ հանդիսանում են հիվանդության արդյունք: Դ.Թադեւոսյանի հարազատներից ոչ ոք չի սպանվել, նրա կողմից նախկինում հարազատների մահվան վերաբերյալ եղել են նույնաբովանդակ դիմումներ, նախապատրաստվել են նյութեր, լսվել են նրա բոլոր հարազատներին եւ ոչինչ չհիմնավորվելով, նյութերով 16.08.2007 թվականին քրեական գործի հարուցումը մերժվել է: Դա նույնպես նրա հիվանդության արդյունքն է»,-ասված է պատասխան նամակում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս