 
                        Ռուսաստանի աջակցությունը Ասադին միայն ձգձգում է պատերազմը. ՆԱՏՕ
 
                                    Ռուսաստանի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցուցաբերվող աջակցությունը միայն հանգեցնում է այդ երկրում ճգնաժամի ձգձգմանը, հայտարարել է ՆԱՏՕ-ի քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հանդես գալով Նորվեգիայում անցկացվող ՆԱՏՕ-ի անդամ երկրների խորհրդարանական վեհաժողովում, նա կոչ է արել Ռուսաստանին ավելի կառուցողական դեր ստանձնել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: Ստոլտենբերգը նաև հայտնել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի պլանավորում իր սեփական զինված ուժերն ուղարկել Սիրիա:
ԱՄՆ-ը, Բրիտանիան ու ՆԱՏՕ-ի մյուս երկրները հայտարարում են, որ Սիրիայի տարածքում ռուսական կողմի հարվածների փոքր մասն է բաժին ընկնում ԴԱԻՇ-ի ջիհադիստներին այն դեպքում, երբ ռուս զինվորականների հիմնական թիրախը Սիրիայի նախագահի դեմ պայքարող չափավոր ընդդիմությունն է: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները:
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ Սիրիայում ռազմական օպերացիայի գլխավոր խնդիրը երկրում «օրինական իշխանության կայունացումն է»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        