Թուրքիայի իշխանությունները Անկարայում պայթյունների իրականացման մեջ կասկածում են ԴԱԻՇ-ին
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ երկրի քննչական մարմինները Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած պայթյունների կազմակերպման մեջ կասկածում են ԴԱԻՇ-ի զինյալներին:
Թուրքիայի վարչապետը կարծում է, որ խաղաղության երթի ժամանակ իրականացված պայթյունների կազմակերպիչներն իրենց առաջ խնդիր են դրել ազդել նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքի ու արդյունքների վրա:
Վերջին տվյալների համաձայն՝ պայթյունների զոհերի թիվը հասել է 95-ի: Վիրավորների թիվը հասնում է մի քանի հարյուրի, ավելի քան 150 մարդ բուժում է ստանում հիվանդանոցներում:
Ընդ որում՝ երթի կազմակերպիչները վստահ են, որ իշխանությունները չեն հայտնում զոհերի ու վիրավորների մասին ողջ տեղեկությունը: Զոհերի մեծ մասը եղել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ակտիվիստներ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կուսակցության ղեկավարությունը դիտարկում է բոլոր նախընտրական միտինգները չեղյալ հայտարարելու հնարավորությունը:
Կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, որ չեն բացառում ահաբեկչությանը երկրի ղեկավարության առնչությունը, սակայն Թուրքիայի իշխանություններն այդ մեղադրանքները հերքում են:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կատարվածն անվանել է «ահաբեկչության զզվելի ակտ»: «Ես խստորեն դատապարտում եմ մեր միասնականության ու մեր երկրում խաղաղ կյանքի նկատմամբ իրականացված այդ սարսափելի հարձակումը», – ասել էր Էրդողանը:
Հիշեցնենք, որ իրար հաջորդող պայթյունները տեղի են ունեցել Անկարայի գլխավոր երկաթուղային կայարանի մոտ, առավոտյան ժ. 10.00-ի սահմաններում, երբ կայարանին կից հրապարակում հավաքվել էին «Հանուն խաղաղության ու ժողովրդավարության» երթի մասնակիցները:
Երթը կազմակերպվել էր արհմիությունների ու քրդամետ խմբերի կողմից: Միտինգում պետք է կոչ արվեր դադարեցնել Թուրքիայի «Քրդական աշխատավորական» կուսակցության ու Թուրքիայի իշխանությունների միջև ծագած կոնֆլիկտը: