Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնանը. ԵԱՀԿ
ԵԱՀԿ-ում հույս ունեն, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակի վերաբերյալ տեղի կունենա այս աշնանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է TASS-ը, այսօր հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրներին, ապա այն, ինչ այնտեղ տեղի է ունենում, մեզ մոտ հարուցում է որոշակի անհանգստություն: Մասնավորապես, բռնության աճը, որը դիտվում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին»,- ասել է նա ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստում:
Զանիերը նշել է, որ որ փոխգործակցությունը երկու երկրների քաղաքական ղեկավարների միջև պետք է ավելի ակտիվ լինի:
«Մենք հանդիպումներ ենք ունեցել արտգործնախարարների հետ, ես նկատի ունեմ Մինսկի խմբի համանախագահներին: Գուցե, տեղի ունենա ևս մեկ հանդիպում աշնանը, ու մենք հուսով ենք, որ, հնարավոր է, լինի նախագահների հանդիպում: Շատ կարևոր է ապահովել այդ գործընթացին միջազգային աջակցությունը»,- ասել է Զանիերը: