Մարկոս Պիզելլի. «Ես համաձայն եմ նրանց հետ, ովքեր ամոթ էին գոռում»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին իր մեկնաբանություններն է տվել Ալբանիայի հավաքականից կրած պարտությունից (0-3) հետո:
– Գիտեինք, որ Ալբանիան հենց խաղասկզբից նետվելու է առաջ, քանի որ իրենց հաղթանակ է պետք: Մարզիչը մեզ հանդերձարանում այդ ամենն ասել էր, բայց մենք մեղավոր էինք: Պետք է ավելի ուշադիր լինեինք: Այս շրջափուլում մեր ելույթների համար այլ բառ չեմ գտնում` ամոթ էր: Մենք լավ թիմ ունենք, լավ ֆուտբոլիստներ, լավ մարզիչ, բայց պետք է խաղադաշտում դա ցույց տանք:
2-3 տարի առաջ լավ էինք խաղում, որովհետև ցանկություն կար, ամեն ինչ տեղին էր: Բայց ֆուտբոլն անընդհատ փոխվում է` ֆիզիկականը, մարտավարությունը: Պետք է նայել, սովորել, թե մյուս հավաքականներն ինչ են անում: Հիմա էլ ցանկության, նվիրվածության պակաս չկա, բայց անհատական սխալները շատ են, գոլեր քիչ ենք խփում: Դա չի նշանակում, որ պաշտպանն է մեղավոր, նշանակում է` բոլորն են մեղավոր, կապ չունի` ֆեդերացիա, ֆուտբոլիստ. բոլորն էլ մեղավոր են:
Երկրպագուները միշտ ճիշտ են խոսում: Նրանք միշտ մեզ հետ են, մարզադաշտում: Ես համաձայն եմ նրանց հետ, ովքեր այսօր ամոթ էին գոռում: Ես էլ եմ այդպես կարծում»