Ձերբակալություններ Գյումրիում. պարզվել է գյումրեցի ունևորների տներից գողություն կատարածների ինքնությունը. aravot.am
Տեւական ժամանակ է՝ Aravot.am-ին տեղեկություններ էին հասնում այն մասին, որ ինչ-որ ավազակային խումբ պլանավորված գողություն է կատարում Գյումրիի քիչ թե ունեւոր մարդկանց բնակարաններից: Առաջին անգամ վերջիններս «հյուրընկալվել էին» քաղաքի բժիշկներից մեկի տուն, այնուհետ Տեքստիլագործներ թաղամասում գողություն էին կատարել հայտնի առեւտրականներից մեկի տնից՝ տանելով գումար, ոսկեղեն ու թանկարժեք նկարներ:
Նախօրեին եւս նույն ձեռագրով գողության մեկ դեպք է արձանագրվել ու երեկ Aravot.am-ին հասած տեղեկություններով, ոստիկանությունը բացահայտել է գողություն կատարողներին ու վերջիններիս ուղղորդողների ինքնությունը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջիններիս այս մարդկանց տները ուղղորդելու մեջ կասկածվում են Գյումրու «Շիրակ» հյուրանոցի հետնամասում գտնվող ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկի տիրոջ որդին՝ Գ. Ջ.-ն ու նրա 21-ամյա կինը: Վերջին գողությունը կատարվել է այս տղայի մոտ ընկերոջ տանից: Վերջիններս ձերբակալված են: Մենք այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք ոստիկանությունից: ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ 3 հոգի ձերբակալված են, սակայն ելնելով քննության շահերից՝ ավելի ասել չեն կարող:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: