Նոր Հայաստան՝ հին դեմքերով

Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սէֆիլյանն ազդարարելու են «Նոր Հայաստան» անվանումով հանրային փրկության ճակատի ստեղծման մասին: Այդ ճակատը պայքարելու է սահմանադրական փոփոխությունների դեմ, և, ըստ ամենայնի, դրանում կընդգրկվեն նաև այլ քաղաքական ուժեր ու քաղաքացիական նախաձեռնություններ:

Թե ի՞նչ հաջողություն կունենա այս նախաձեռնությունը, արդյոք կկարողանա՞ պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ այնպես, որ տապալի հանրաքվեն և հասնի Սերժ Սարգսյանի հրաժարականին, թե՞ կարձանագրի հերթական հանրային հիասթափությունը՝ ցույց կտա ժամանակը:

Անկախ ապագա հաջողությունից կամ տապալումից, հետաքրքիր է նաև այս նախաձեռնության անվանումը՝ «Նոր Հայաստան»:

Հետաքրքիր է ոչ թե նրանով, որ աննախադեպ է, նոր է, հայտնագործություն է և այլն, այլ՝ այն առումով, որ դա ի սկզբանե հասարակության հուսահատությունն արձանագրելու հավանականությունը մի քանի անգամ մեծացնող անվանում է: Այն, վերջին հաշվով, Հայաստանից հուսահատությունը մեծացնող ու ապատիայի հանգեցնող անվանում է:

Իրականում Հայաստանը պետք է դարձնել ոչ թե նոր, այլ նորմալ պետություն: Նոր Հայաստան, մեծ հաշվով, մենք ստանում ենք ամեն օր, գոնե այնքանով, որքանով, ինչպես հայտնի արտահայտություններից մեկում է ասվում, ամեն օրը նոր կյանք է: Հայաստանում, սակայն, ամեն նոր օրվա հետ կյանքն ավելի է հեռանում նորմալ լինելուց:

Բայց, եթե ընդունենք անգամ, որ Րաֆֆին ու Սէֆիլյանը շատ ավելի խորը, փիլիսոփայական իմաստ են դրել իրենց նախաձեռնության անվան մեջ, ապա նրանք այդպիսով աղավաղում են Նոր Հայաստանի գաղափարը: Որովհետև, մեղմ ասած, դժվար է «Ոչ»-ով նոր բան կառուցել, այսինքն՝ բացասականության հիմքով՝ դրական, լուսավոր արդյունք արձանագրել: Եվ սա ամենևին կապ չունի իշխանության ներկայացուցիչների պաթետիկ ու ճոռոմ այն հայտարարությունների հետ, թե «պետք է առաջնորդվել ոչ թե՝ ընդդեմի, այլ՝ հանունի սկզբունքով»:

Ով՝ ով, բայց իշխանությունը նման բան ասելու իրավունք չունի, որովհետև շատ հաճախ գործում է «ընդդեմ Հայաստանի Հանրապետության հասարակության, հանուն Հայաստանի Հանրապետական կուսակցության» սկզբունքով: Բայց երբ խոսքն ընդդիմության մասին է, ապա պայքարի գաղափարաբանական հիմքում իսկապես պետք է որևէ դրական կետ լինի: Հակառակն ապացուցող բազմաթիվ օրինակներ կան:

1988 թվականին Կարեն Դեմիրճյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարում էր առավելապես դրական շեշտադրումներով՝ գրեթե չքննադատելով մրցակցին և ներկայացնելով ինքն իրեն: Ճիշտ է, նա պարտվեց ընտրություններում, ավելի ճիշտ՝ Դեմիրճյանից խլվեց իրական հաղթանակը, բայց նա ընդամենը մեկ տարի անց՝ 1999 թվականի խորհրդարանական ընտրություններում, Վազգեն Սարգսյանի հետ դաշինքով եկավ իշխանության: Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականի ողջ քարոզարշավը կառուցեց «ավազակապետությունը կազմաքանդելու», «ավգյան ախոռները մաքրելու», «օլիգարխներին բոմժ դարձնելու» և բազմաթիվ այլ նեգատիվ կարգախոսներով, արդյունքում՝ «ավազակապետությունն» ամրապնդվեց, ավգյան ախոռները մնացին նույն կեղտի մեջ, իսկ հիմնական օլիգարխը, ում ուղղված էր բոմժացման նրա սպառնալիքը, դարձավ նրա քաղաքագիտական դաշնակիցն ու ֆինանսավորողը՝ վերջում քաղաքականապես բոմժ դարձնելով Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժին:

Մինչդեռ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը 2013 թվականի նախագահական ընտրություններին մասնակցեց առավելապես բարության, դրական էմոցիոնալ ֆոնով, ինչը, որքան էլ ծաղրի արժանացավ շատերի կողմից, այդուհանդերձ, աննախադեպ հաղթանակ պարգևեց «Ժառանգության» առաջնորդին. Նա ստացավ երբևէ ընդդիմադիր թեկնածուների կողմից ստացված ամենաշատ քվեները: Ճիշտ է, այդ հաղթանակը ևս չամրագրվեց, սակայն եթե դրանում մեղավոր էր իշխանությունը, ապա այդ հաղթանակի քաղաքական ռեսուրսը հաշված շաբաթների ընթացքում մսխելու հարցում ամենամեծ մեղքն ունեցավ հենց ինքը՝ Րաֆֆին, ու նրա անհոդաբաշխ թիմը: Ինչևէ:

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը «Նոր Հայաստան» անունով նախաձեռնությամբ կրկին ցանկանում է պայքարել իշխանության դեմ: Ոչ թե իշխանության գալու համար, այլ իշխանության դեմ: Իսկ այդ ճանապարհով նա չի կարողանալու Նոր Հայաստան կառուցել: Որովհետև, եթե անգամ հաջովի դա անել տեխնիկապես, ապա տապալվելու է բովանդակային առումով. Նոր Հայաստան չի կարող լինել հին դեմքերով: Իսկ հիմա հրապարակում միայն հին դեմքերն են: Րաֆֆին, ի դեպ, նրանցից ամենանորն է:

Տեսանյութեր

Լրահոս