Արժեզրկված գաղափարներն ու վաճառվելու փոխարժեքը
Նոյեմբերի 6-ից մեկնարկելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, և մեկ ամիս շարունակ Հայաստանն ապրելու է «սահմանադրականության» ու «հակասահմանադրականության» հակադրության մթնոլորտում: Ասել, որ քարոզարշավը որևէ նշանակություն չի կարող ունենալ հանրաքվեի արդյունքի վրա, սխալ կլինի, ու խնդիրը հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ 600 հազար կողմ ձայները չեն:
Իրականում այդ 600 հազար ձայնն իշխանությունը կարող է ապահովել առանց որևէ կեղծիքի ու ընտրակաշառքի. միայն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման համակարգի աշխատակիցները՝ իրենց ընտանիքի անդամներով, բավարար են պահանջվող կողմ ձայներն ապահովելու համար:
Իսկ որ այդ համակարգերի ներկայացուցիչները կողմ են քվեարկելու սահմանադրական փոփոխություններին, թեկուզ միայն իրենց ունեցած աշխատատեղն ու կարգավիճակը պահպանելու համար, կասկածից վեր է: Առավել ևս, որ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող քաղաքական ուժերն ու քաղաքացիական նախաձեռնությունները հազիվ թե կարողանան նրանց համոզել, որ հանրաքվեի տապալման դեպքում իրենց համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվելու:
Ընդհանրապես, համոզելը հանրաքվեի նախընտրական քարոզչության ու հակաքարոզչության ժամանակ կարևոր դեր է խաղալու, բայց թե՛ սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները, թե՛ հակառակորդները, մեղմ ասած, «կաղալու են» համոզելու հարցում:
Այդ պատճառով, ոչ «այո»-ի շուրջ կոնսոլիդացիա, ոչ էլ «ոչ»-ի շուրջ մոբիլիզացիա հասարակության շրջանում ապահովել չի ստացվելու: Հայաստանում հասարակությունը համախմբվում է, առավել ևս՝ փողոց է դուրս գալիս միայն նախագահական ընտրություններին նախորդող ու հաջորդող ժամանակահատվածում, որովհետև նախագահական ընտրություններում պայքարն ընթանում է անձերի միջև, իշխանության ու ընդդիմության հակադրությունն անձնավորվում է, իսկ քանի որ միշտ հասարակությունը դժգոհ է իշխանությունից, համախմբվում է իշխանության թեկնածուի դեմ պայքարող քաղաքական գործչի շուրջ, եթե անգամ այլ պայմաններում այդ գործիչը անգամ 1000 հոգի չի կարողանում իր հետևից տանել:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ 2013 թվականի ընտրություններում արձանագրված իրապես աննախադեպ արդյունքը դրա լավագույն վկայությունն է: Մի խոսքով, հասարակությունը համախմբվում, փողոց է դուրս գալիս ու պայքարելու պատրաստակամություն է հայտնում միայն անձերի համար, ոչ այնքան՝ հանուն այս կամ այն անձի հաղթանակի, որքան՝ ընդդեմ իշխանությունը ներկայացնող անձի:
Իրերի այս դրությունը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի պարագայում բացակայում է: Հանրաքվեն պայքար է երկրի կառավարման կարգի, հանրային-քաղաքական հարաբերությունների տրանսֆորմացիայի, իշխանության հակակշիռների նոր համակարգի, գաղափարի համար, մի խոսքով: Նույնը վերաբերում է նաև սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարին, որը ևս ամբողջությամբ գաղափարական հենք ունի:
Ու հենց այդ պատճառով, ինչպես «այո»-ի քարոզչությունը, այնպես էլ «ոչ»-ի հակաքարոզչությունն ի սկզբանե դատապարտված են: Գաղափարները, արժեքները վաղուց դադարել են որոշիչ դեր ունենալ Հայաստանի քաղաքական կյանքում ու հասարակական հարաբերություններում: Բոլոր այդ կատեգորիաներին փոխարինելու է եկել շահը, մեծ շահը ու ավելի մեծ շահը: Թե ինչպե՞ս է դա արտահայտվում, այլ քննարկման նյութ է: Տվյալ դեպքում էականն այն է, որ գաղափարներն ու արժեքները դադարել են լինել քաղաքական կյանքի շարժիչ գործոններ:
Դա Հայաստանի քաղաքական համակարգի, ընդհանրապես պետության, հասարակության ամենամեծ խնդիրն է, որի մասին, սակայն, որևէ մեկը չի մտածում՝ իշխանությունը հիմնված է փողի վրա, փողը սպասարկում է իշխանությանը, ընդդիմությունը ցանկանում է փողի ներքին կամ արտաքին աղբյուրներ գտնել՝ իշխանության գալու ու կրկին փողի վրա հիմնվելու ու այդ փողն իշխանությանը ծառայեցնելու համար… Իսկ հասարակության մեծ մասը, ցավոք, ցուցաբերում է հանցավոր պրագմատիզմ՝ ցանկացած ընտրական գործընթացում հետապնդելով իր այսրոպեական շահը, որի փոխարժեքը սկսվում է 5000 դրամից, և, կախված իրավիճակից՝ կարող է հասնել մինչև 20.000 դրամի: Այնպես որ, բոլորս՝ դեպի սահմանադրական հանրաքվե: Քյաշով: