Ադրբեջանի ՊՆ-­ն հայտնում է զինծառայողի կասկածելի մահվան մասին

Հոկտեմբերի 6­-ին զինվոր Մուրադ Ալիեւն ինքնակամ լքել է ծառայության վայրը: Որոնումների ընթացքում նրա մարմինը հայտնաբերվել է հոկտեմբերի 9-­ի երեկոյան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը` նշելով, որ փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել ռազմական դատախազությունում:

Ընդ որում` Ադրբեջանի մամուլի ծառայությունը չի նշել, թե հատկապես որտեղ է ծառայել զինվորը, որտեղ է նրա մարմինը հայտնաբերվել եւ ինչն է եղել նրա մահվան պատճառը:

Ադրբեջանը հաճախ առաջնագծում զինադադարը խախտելու կամ զինված ուժերի կողմից իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները, որպես կանոն, միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:

Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը: ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների, ինչպես նաեւ ոչ պաշտոնական աղբյուրների եւ սոցցանցերի հաղորդագրությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազն 129 զինծառայող եւ 139­-ից ավելի վիրավոր:

Տեսանյութեր

Լրահոս