Ինչո՞վ է պայմանավորված սահմանային լարվածության թուլացումը. ԼՂՀ ՊԲ մեկնաբանությունը

168.am-ի հարցին պատասխանում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը

– Դատելով վերջին շրջանում ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության կողմից տարածվող հաղորդագրությունների բովանդակությունից, տպավորություն է ստեղծվում, որ առաջնային գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աստիճանական անկում է նկատվում: Դա իրականում այդպե՞ս է: Եթե այո, ապա ինչո՞վ է դա պայմանավորված:

– Իրականում, վերջին մի քանի օրերին հրադադարի ռեժիմի խախտման նկատելի նվազում է արձանագրվել, հատկապես հրետանային զինատեսակների կիրառման տեսանկյունից: Սակայն դա ոչ թե պայմանավորված է ադրբեջանական կողմի բարի կամքի դրսևորմամբ, այլև առավելապես այդ երկրի նախագահի կողմից օրերս սահմանային շրջաններ կատարած այցն անվտանգ դարձնելու նկատառումներից ելնելով:

Երկրորդ պատճառն էլ ս. թ. նոյեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններն են, որը ևս այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը ստիպում է ձեռնպահ մնալ սահմանային լարվածության անհարկի ուժեղացումից: Այս ամենը փաստում են այն մասին, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը ձեռնպահ է մնում առաջնային գծում սրացումներ սադրելուց, ապա իրավիճակը հանդարտվում է, իսկ թե ոչ, ապա ստիպված է լինում քաղել դրանց պտուղները: Ասենք այնպես, ինչպես դա տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ի գիշերը` ժամը 03.05-ի սահմանում :

Այս անգամ հակառակորդը փորձեց շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ իրավիճակը սրել հետախուզադիվերսիոն խմբի գործողության միջոցով, սակայն հանդիպելով արժանի հակահարվածի, կորուստներ տալով հետ շպրտվեց: Հատկանշական է, որ դեպքից ժամեր անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շտապեց, իր սովորության համաձայն, ապատեղեկատվություն տարածել, թե իբր մարտերի ընթացքում հայկական կողմը տվել է 6 զոհ, իսկ իրենք` մեկ վիրավոր: Այնինչ տարածվածը ոչ այլ ինչ է, քան հերթական հորինվածք, որով պաշտոնական Բաքուն անընդհատ ապակողմնորոշում է սեփական հանրությանը:

Տեսանյութեր

Լրահոս