Բաժիններ՝

Հայաստանում գործելու է նոր ավիաընկերություն, որն իր չվերթերը սկսելու է եկող տարվա մարտից

Առաջիկայում Հայաստանում նոր ավիափոխադրող է հայտնվելու, որն «Ալյանս» ավիաընկերությունն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ավիաընկերության հիմնադիր տնօրեն Արարատ Սարգսյանը, ով եղել է «Արմավիա» ընկերության առաջին տնօրենը:

«Երբ բաց երկնքի քաղաքականությունը մտցրեցին, ես որոշեցի, որպեսզի Հայաստանի ավիացիան ընդհանրապես չտապալվի, բացել նոր ավիաընկերություն: Օդանավակայանն ավիացիա չէ, ավիացիան պետք է ունենա ավիաընկերություններ, ինքնաթիռներ: 2014 թվականի ապրիլին ես բացել եմ «Ալյանս» ավիաընկերությունը՝ ձեռք բերելով երկու ինքնաթիռներ, որոնք դեռ Մոսկվայում են: Երկու օր առաջ ստացել եմ շահագործողի վկայական քաղավիացիայի կողմից և այսօր արդեն զբաղված եմ ինքնաթիռների Երևան տեղափոխմամբ»,- նշեց Ա. Սարգյանը:

Նա տեղեկացրեց, որ նախատեսել է չվերթերը սկսել գալիք տարվա մարտի 27-ից, որովհետև ամառային չվացուցակն այդ ժամանակվանից է սկսվում. «Անձնակազմն ունենք՝ տասնչորս հոգի, տեխնիկական կազմը նույնպես պատրաստ կա: Շահագործողի վկայականը ստանալու համար ես ներկայացրել եմ 3 ուղղություն՝ Երևան-Մոսկվա, Երևան-Բեյրութ, Երևան-Թեհրան»:

Լրագրողներից մեկի հարցին՝ «Արմավիան» ձախողվեց, «Էյր Արմենիան»՝ նույնպես, այդ բացասական մթնոլորտը Ձեզ վրա ինչպե՞ս կարող է ազդել, և Դուք ինչպե՞ս եք պատրաստվում այդ միջավայրում «ձեր տեղը գտնել արևի տակ», Ա. Սարգսյանն այսպես պատասխանեց.

««Արմավիան» չձախողվեց, «Արմավիան» ձախողեցին, քանի որ այն մենաշնորհ էր ամբողջ շուկայում, նա իրավունք չուներ ձախողվելու: Իր հիմնական սխալները մենեջմենթի, կադրային հարցերն էին: Իհարկե, ռիսկային է, ես շատ մեծ ռիսկի եմ գնում՝ շուկա մտնելով: Շուկայից օգուտ ստանալու համար, մենք պետք է ունենանք առնվազն 100 տեղանոց ինքնաթիռներ, որոնք ես որոշել եմ բերել»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ ինչպիսի՞ գնային քաղաքականություն է վարելու այս նոր ավիաընկերությունը: Ի պատասխան հարցին՝ Ա. Սարգսյանն ասաց.

«Գնային քաղաքականությունը բարդ թեմա է, ելնելով դիմացի ավիաընկերությունների վարած քաղաքականությունից է դա որոշվում: Բայց շատ բարձր չեն լինի գները, դրանք վերանայվելու են ամեն րոպե»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս