Ռուսական թևավոր հրթիռներն ընկել են Իրանի տարածքում. ԶԼՄ-ներ
Ամերիկյան անանուն կառավարական աղբյուրները պնդում են, որ 4 ռուսական թևավոր հրթիռները, որոնք արձակվել էին Կասպից ծովի ավազանից Սիրիայի ուղղությամբ, ընկել են Իրանի տարածքում: Ընդ որում՝ չի նշվում, թե դրանք պատճառել են արդյոք որևէ վնաս ու թե Իրանի որ մասում են ընկել:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Սպիտակ տունը հրաժարվել է պաշտոնապես մեկնաբանել այդ տեղեկությունը, որն ստացվել է ամերիկյան իշխանությունների ներկայացուցչից, ով խնդրել է չհրապարակել իր անունը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է հաստատել ամերիկյան ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հերքել է ռուսական հրթիռների՝ Իրանի տարածքում հայտնվելու մասին լուրերը:
«Ի տարբերություն CNN-ի՝ մենք հղում չենք կատարում անանուն աղբյուրների, այլ ցուցադրում ենք մեր հրթիռների արձակումը ու դրանց թիրախը գրեթե իրական ժամանակի ռեժիմում»,- ասել է Կոնաշենկովը:
«Ամեն ինչ չեմ կարող ասել, սակայն այս ոլորտի ցանկացած պրոֆեսիոնալ գիտի, որ նման օպերացիաների անցկացման ժամանակ միշտ ֆիքսվում է թիրախի պատկերը հարվածից առաջ ու հետո»,- ասել է ՌԴ ՊՆ գերատեսչության ներկայացուցիչը:
Իր հերթին, իրանական Irna գործակալությունը հաստատել է, որ նախօրեին անհայտ օբյեկտ է ընկել Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում, որը գտնվում է ռուսական հրթիռների ճանապարհին:
Սակայն իրանական պահպանողական ԶԼՄ-ները շտապել են լուրը որակել որպես «Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի հոգեբանական արշավի» արդյունք:
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանը հայտնել է 26 թևավոր հրթիռների արձակման մասին, որոնք ուղղված էին Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող ԴԱԻՇ-ի օբյեկտների դեմ: