Քաղաքապետի արձագանքը ոչ թե կոշտ էր, այլ տեղին ու ճշմարտացի. Մարտին Վարդազարյան

Երևանի ավագանու արտահերթ նիստում տեղի ունեցած կարծիքների բախման վերաբերյալ իր տեսակետն է հայտնել ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանը:

– Պարոն Վարդազարյան, Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստի օրակարգում նաև մեր որոշ արվեստագետներին անհատույց բնակարաններ նվիրաբերելու մասին ներկայացված առաջարկներ կային, որոնց վերաբերյալ ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը դեմ արտահայտվեց, ինչին հաջորդեց Երևանի քաղաքապետի կոշտ արձագանքը: Ի՞նչ կարծիք ունեք դուք տեղի ունեցածի վերաբերյալ:

Նախ թույլ տվեք ասել, որ քաղաքապետի արձագանքը ոչ թե կոշտ էր, այլ տեղին ու ճշմարտացի, որովհետև հարցադրումներից բացահայտ երևում էր դրանց ոչ օբյեկտիվ լինելը: Միշտ հիացել եմ քաղաքապետի ծով համբերությամբ, ավելին, քիչ չեն եղել դեպքերը, երբ ինքս եմ պոռթկացել, երբ մեր որոշ ընդիմադիր գործընկերներ ավագանու նիստի ժամանակ բացահայտ երեսպաշտական ելույթներով են հանդես եկել:

Բայց մեր քաղաքապետը միշտ ուշադիր լսում ու աշխատում է պատասխանել բարձրացված բոլոր հարցերին: Իսկ այսօր ավելի քան պե՛տք էր արձագանքել ու հստակ արձագանքել, քանի որ լավ բան է արվում: Եվ շատ բանական է, որ արվող լավ բանը պետք է համարժեք արձագանք ստանա, այլ ոչ թե կեղծ սրտացավությամբ փորձ արվի նսեմացնել այն: Նման դեպքերում ես ամեն անգամ մի օրինակ եմ բերում. մենք ունենք մեկ բաժակ ջուր, բայց ծարավները շատ են ու, առնվազն մեկ դույլ է հարկավոր՝ բոլորի ծարավը հագեցնելու համար:

Հիմա ի՞նչ անենք, այդ մեկ բաժակը չտա՞նք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Մի՞թե ճիշտն այն է, որ սպասենք, մինչև դույլն ամբողջությամբ լցվի: Գիտեք, ինձ համար շատ հաճելի էր, որ այս անգամ արվեստի ներկայացուցիչներին տրվեցին այդ բնակարանները: Սովորաբար բնակարանների անհատույց տրամադրումը շատ սահուն էր անցնում: Այս անգամ, երբ խոսքը արվեստի բնագավառի ներկայացուցիչների մասին էր, չգիտես ինչու կրքեր բորբոքվեցին, ընդ որում, բացարձակ անհիմն: Ես ողջունում եմ արվեստագետներին նման ուշադրության արժանացնելու այս նախաձեռնությունը:

Ես ինքս իմ շրջապատում գիտեմ բազմաթիվ կարիքավոր ընտանիքներ, բայց միանգամից բոլորի կարիքները բավարարելն անհնար է: Համոզված եղեք, որ քաղաքապետարանի թիմը՝ քաղաքապետի գլխավորությամբ, բոլոր հարցերը հետզհետե լուծելու համար հստակ ճանապարհ է ընտրել ու կյանքի է կոչում երկար սպասված ծրագրեր: Չմոռանանք, որ դրանք տարիների կուտակված խնդիրներ են, բայց և վստահ եմ, որ բոլոր խնդիրներն էլ հետզհետե լուծումներ են ստանալու:

Բոլորի ծարավը մեկ բաժակով չես հագեցնի: Իսկ այն արվեստագետների մասով, ում բնակարաններ շնորհվեցին, նշեմ, որ բոլորն էլ արժանի էին: Այստեղ խոսքը անձերի մասին չէ, այլ նաև նրանց վաստակի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի:

– Տարոն Մարգարյանը ավագանու նիստի ընթացքում արվեստագետներին բնակարաններ շնորհելուն դեմ արտահայտվողներին կոչ արեց միասնական ուժերով լուծել առկա խնդիրները և չզբաղվել ժամանակավոր դիվիդենտներ շահելու փորձերով: Ի՞նչ կասեք այս մասով:

Ընդդիմությունը շատ հաճախ առկա որոշ խնդիրներ փորձում է ներկայացնել այն տեսանկյունից, կարծես դրա մասին միայն իրենք գիտեն ու այնք˜ան սրտացավ են, որ ուզում են օր առաջ լուծում տալ դրանց: Բայց եղբայր, կուրծք ծեծելով չէ, որ լուծվում են խնդիրները, գործ է պետք անել, ոչ թե առիթ-անառիթ խոսել ու փորձել հաճոյանալ ինչ-որ մեկին: Դա հարիր պահվածք չէ և ոչ մի դեպքում: Ու իմ խորին համոզմամբ ընդդիմության տեսակետը պետք է լինի եղածը բարելավելը, այլ ոչ թե արված լավը փնովելը:

Տեսանյութեր

Լրահոս