
Դոնբասում մալազիական «Բոինգը» խփվել է ռուսական «Բուկի» կողմից. Bellingcat-ը հրապարակել է զեկույցը

Անկախ փորձագիտական Bellingcat խումբն իր կայքում հրապարակել է 2014թ. հուլիսի 17-ին Դոնեցկի մոտ կործանված «Բոինգ» ինքնաթիռի ընկնելու պատճառները: Զեկույցի հեղինակները եկել են այն եզրակացության, որ Ուկրաինայի արևելքում մալայզիական ինքնաթիռին խփել են ռուսական արտադրության «Բուկ» զենիթա-հրթիռային համալիրից, ասվում է Bellingcat-ի զեկույցում:
Փաստաթղթում ասվում է, որ «Բուկը» բեռնատարով Դոնբասից տարվել է Սնեժնոյե, ապա տեղափոխվել է Սնեժնոյեից հարավ: Հենց այդտեղից էլ տեղի ժամանակով ժ. 16.20-ին արձակվել է հրթիռը, որը դարձել է ուղևորատար ինքնաթիռի կործանման պատճառ:
Bellingcat-ի տվյալով՝ ավելի վաղ այդ «Բուկը» եղել է 53-րդ զենիթահրթիռային բրիգադի կազմում, որը տեղակայված է Կուրսկից ոչ հեռու:
Փաստաթղթի հեղինակները հայտնել են, որ հետազոտության արդյունքները փոխանցվել են Նիդեռլանդների ղեկավարությամբ գործող Միջազգային քննչական խմբին, որը հետաքննում է MH17-ի աղետի պատճառները:
Ինչպես հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը, Նիդեռլանդները կհրապարակի «Բոինգի» ամփոփիչ զեկույցը հոկտեմբերի 15-ին:
Մալազիական Boeing-ը, որն Ամստերդամից մեկնում էր Կուալա Լումպուր, Դոնեցկի մարզում կործանվել է հուլիսի 17-ին: Օդանավում գտնվել է 298 մարդ, ովքեր բոլորն էլ զոհվել են: