Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն ամուսնանում է. ԶԼՄ-ներ
40-ամյա հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն գտել է իր իդեալական շիկահերին: Հոլիվուդի գլխավոր լովելասը՝ երկարոտն աղջիկների սիրահարը, որոշել է ամուսնանալ իր սիրեցյալ Քելլի Ռորբախի հետ: Ինչպես հայտնում է Elle-ը, հղում կատարելով արևմտյան լրատվամիջոցներին, դերասանը ամուսնության առաջարկ է արել 24-ամյա թոփ-մոդելին դեռ սեպտեմբերի վերջին Նյու Յորքի ռեստորաններից մեկում ընթրելիս:
«Դա անգամ պլանավորված չի եղել: Նրանք խոսել են, գինի են խմել, իսկ հետո Լեոն լռել է ու ասել, որ ցանկանում է նրա հետ անցկացնել իր ողջ կյանքը: Քելլին շոկի մեջ էր, սակայն Լեոն հավաստիացրել է նրան, որ լուրջ է խոսում: Ու այդ ժամանակ նա համաձայնել է, ու ամեն ինչ ավարտվել է համբույրով»,- պատմել է քաջատեղյակ աղբյուրը:
Դերասանի ներկայացուցիչները դեռ չեն հաստատել նշանադրության լուրը, սակայն սկեպտիկները չեն կարողանում հավատալ, որ երդվյալ ամուրին որոշել է ամուսնանալ, այն էլ մի աղջկա հետ, ում հետ հանդիպում է ընդամենը 4 ամիս (նրանց սիրավեպի մասին լուրերն առաջին անգամ շրջանառվեցին ամռանը):
Ինչպես հայտնի է, Դի Կապրիոն սիրում է հատկապես Victoria’s Secret-ի հրեշտակներին: Տարբեր տարիների նա հանդիպել է Ժիզել Բունդխենի, Բար Ռաֆայելիի, Էրին Հիզերթոնի, Թոնի Գարնի հետ:
Դերասանը մինչ օրս ամուսնացած չի եղել:
Ռորբախը ավարտել է դերասանական ֆակուլտետը, նկարահանվել է մի քանի սերիալում, իսկ վերջերս էլ փոքրիկ դեր է ստացել Վուդի Ալենի մոտ: