
Մարզերին գումարներ կհատկացվեն

Կառավարության պահուստային ֆոնդից 6596.61 հազ. դրամ կհատկացվի Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ Արագածոտնի մարզի Թալինի հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման և հունի մաքրման նպատակով: Նշենք, որ 2014թ. օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետի Թալինում գտնվելու ընթացքում Թալինի քաղաքապետին տրված հանձնարարականի հիման վրա վերջինիս կողմից պատվիրվել և «Թիվ 28 ՇՄՇ» ԲԲԸ-ի կողմից կազմվել են այդ հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման և հունի մաքրման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը: Հաշվի առնելով աշխատանքների կատարման հրատապությունը՝ դրանք անհրաժեշտ է իրականացնել մինչև հոկտեմբերի առաջին տասնօրյակը: Նախատեսվող աշխատանքների արդյունքում կվերականգնվի Արագած սարից գարնանային ձնհալի ջրերի մուտքը դեպի Թալին քաղաք, կապահովվի հողերի մեծ մասի ոռոգումը, ինչպես նաև կլուծվի ամռան ամիսներին ընտանի կենդանիների խմելու ջրի հարցը:
Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք համայնքներում սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած բնակիչների վնասների փոխհատուցման նպատակով կառավարության պահուստային ֆոդնից Տավուշի մարզպետարանին կհատկացվի ավելի քան 66 մլն դրամ: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կա ՀՀ Նախագահի հանձնարարականը հարցին արագ լուծում տալու համար:
Կառավարության պահուստային ֆոնդից 25 մլն դրամ կհատկացվի նաև Քաղաքաշինության նախարարությանը և Տավուշի մարզպետարանին՝ Պտղավան համայնքում Դեբեդ գետի վրա նոր կախովի կամրջի կառուցման նպատակով: Վարչապետը կարևորել է ընդունված որոշումն ու հանձնարարել խնդրին արագ լուծում տալ: