«Ռոբերտ Քոչարյանը Սամվել Ալեքսանյանից ոչ պակաս օլիգարխ է». քաղաքագետ

«Մեր հասարակությունն ամեն ինչ կարող է ամեն պահի մոռանալ»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հարցազրույց է տվել՝ նշելով, որ հնարավոր է՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին երկրորդ նախագահը մասնակցի ցուցակով:

«10 տարի քաղաքականությունից հեռացած Լևոն Տեր-Պետրոսյանը, տեսա՞ք՝ ինչպես վերադարձավ քաղաքականություն, այն դեպքում, երբ նրա կառավարման տարիները, բացի նրանից, որ Արցախում հաղթանակներ տարանք, ուրիշ ոչ մի դրական բանով աչքի չեն ընկել: Այնպես որ, այստեղ կախված է, թե Ռոբերտ Քոչարյանն ինչպես է հետ վերադառնում քաղաքականություն, քանի որ հիմա ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակն այնքան վատ է, որ, եթե Ռոբերտ Քոչարյանը կարողանա իր սեփական ծրագրով, գրագետ PR անելով՝ հետ վերադառնալ, կարող է հասարակությունը բավական հեշտ մոռանա Մարտի 1-ի դեպքերը»,- նշեց Գ. Հաբարյանը:

Gagik Hambaryan35Մեր զրուցակիցը Ռոբերտ Քոչարյանի հնարավորությունները բավական մեծ է գնահատում. «Շատերին են ասում՝ օլիգարխներ՝ Սամվել Ալեքսանյանին, Ռուբեն Հայրապետյանին, Գագիկ Ծառուկյանին, բայց պետք է չմոռանանք, որ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները ոչ պակաս օլիգարխներ են՝ ահռելի մեծ ֆինանսական և նյութական ռեսուրսների տիրապետող: Ռոբերտ Քոչարյանի համար մեծ դժվարություն չի լինի իր սեփական թիմով (ի դեպ, այդ թիմի անդամներից շատերը հիմա գտնվում են իշխանության մեջ) հանդես գալ ու մասնակցել սպասվող Ազգային ժողովի ընտրություններին: Դրա համար պետք են բավական մեծ գումարներ, իսկ Ռոբերտ Քոչարյանն այնքան մեծ ֆինանսական հնարավորություններ ունի, որ, եթե ցանկանա, ապա անպայման կմասնակցի այդ ընտրություններին»:

Նշենք, որ Վ. Սողոմոնյանն իր հարցազրույցում նաև ասել է, որ ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունն ամբողջովին կփոխի ներքաղաքական դասավորությունը:

Գ. Համբարյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կփոխվի ներքաղաքական դասավորությունը: Ի պատասխան մեր հարցի՝ քաղաքագետն ասաց, որ Հայաստանի պարագայում ֆինանսական կարողությունները շատ մեծ միջոց են, ու հիմա ընդդիմությունը գտնվում է ծանր իրավիճակում, քանի որ նրանց մեջ չկան հարուստ քաղաքական ուժեր. «Միակը ԲՀԿ-ն էր, այս տարվա փետրվարի 12-ի Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն կազմաքանդվեց, ու այն հիմա չունի ֆինանսական ռեսուրսներ: Եթե Ռոբերտ Քոչարյանն իր ահռելի ֆինանսական միջոցներով մտնի քաղաքական դաշտ, դա, իհարկե, բավական փոփոխությունների կբերի գործող քաղաքական դաշտում»:

Հարցին՝ ըստ Ձեզ՝ ո՞ր ուժերից կմիանան Ռ. Քոչարյանին, Գ. Համբարյանն այսպես պատասխանեց. «Երբ ինքը նախագահ էր, համագործակցում էր քաղաքականության մեջ գրեթե բոլոր ակտիվ ուժերի հետ: Բացարձակ գաղտնիք չէ, որ Ռոբերտ Քոչարյանը շատ սերտ կապեր ուներ և ունի Հանրապետական կուսակցության մի մասի հետ, և ոչ ոք չի կարող դա հերքել: Ռ. Քոչարյանը շատ սերտ կապեր ուներ Դաշնակցության հետ, «Օրինաց Երկիր» կուսակցության հետ, ճիշտ է՝ հետագայում ինչ-որ վեճեր եղան, բայց դա բացարձակ դոգմա չէ, որ վաղը-մյուս օրը նրան չհաջողվի նորից նորմալ հարաբերություններ հաստատել նրանց հետ, ամենակարևորը՝ ԲՀԿ-ի և նախկին ԲՀԿ-ականների հետ»:

Տեսանյութեր

Լրահոս