«ԱՄՆ-ը և Ռուսաստանը, թերևս, դատապարտված են համագործակցել առնվազն մեկ կետով». Արայիկ Հարությունյան

ԵՊՀ դասախոս, արաբագետ Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ Ռուսաստանը որոշել է Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ ծավալել, որովհետև միջազգային մեկուսացումից դուրս գալու խնդիր ուներ, բացի այդ՝ կար նաև Ասադին աջակցելու խնդիր:

Նա նշեց, որ իր գործողություններում Ռուսաստանը բավականին հաջողել է այն առումով, որ Եվրոպայի միգրացիոն խնդիրը լուծելու տարբերակ էլ է առաջարկում. Ռուսաստանը դիմում է եվրոպական երկրների քաղաքացիներին, այլ ոչ թե նրանց ղեկավարությանը՝ համոզելով, որ փախստականների հոսքը դեպի Եվրոպա կանխելու համար անհրաժեշտ է բուն պատճառը լուծել. «Այսինքն՝ հանգուցալուծում լինի Սիրիայում, այնտեղ հաստատվի օրինականություն, որը կկանխի մեծ քանակությամբ փախստականների հոսքը դեպի Եվրոպա»:

Թե որքան կտևի Ռուսաստանի ներկայությունը Սիրիայում, արաբագետի կարծիքով՝ կախված է նրանից, թե Ռուսաստանն ինչ խնդիրներ է դրել իր առջև.

«Երբ ԱՄՆ-ի կողմից գլխավորվող միջազգային կոալիցիան սկսեց հարվածներ հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայի և Իրաքի տարածքներում, Լավրովը հայտարարում էր, որ միայն օդային հարվածներով հնարավոր չէ հասնել հանգուցալուծման: Եվ ահա այս համատեքստում պետք է հասկանալ, թե ինչ քայլեր է Ռուսաստանը փորձելու ձեռնարկել, որովհետև, եթե հասկանում է, որ օդային հարվածներով հնարավոր չէ հասնել հաջողության, պետք է նաև ունենա այլ ծրագրեր՝ կապված ցամաքային գործողությունների հետ: Լուրջ ռազմատեխնիկական աջակցություն պետք է ցուցաբերի Բաշար Ասադի բանակին, որպեսզի կառավարական ուժերը կարողանան հակաքայլեր ձեռնարկել և փորձեն վերականգնել վերահսկողությունը Սիրիայի տարածքի, հիմնականում՝ արդյունաբերական և ռեսուրսային լուրջ կենտրոնների նկատմամբ»:

Ա. Հարությունյանի կարծիքով՝ առանց Իրանի միջամտության հնարավոր չէ լուրջ զարգացումներ ակնկալել ԻՊ-ի և իսլամական ահաբեկչական այլ խմբավորումների դեմ պայքարում. «Որքան էլ դու զինես Բաշար Ասադի բանակը, այնուամենայնիվ, վերջին 4 տարիների զարգացումները ցույց են տալիս, որ դեմորալիզացիոն կոմպոնենտը Բաշար Ասադի բանակում շատ մեծ է, և նրա հետզհետե նահանջը դեպի հարավ և կենտրոնական շրջաններ սրա մասին է խոսում: Այդ առումով՝ Ռուսաստանը կարող է որոշակի ցամաքային գործողությունների մասնակցել՝ առնվազն հրահանգիչների մակարդակով»:

Անդրադառնալով Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններին, արաբագետը նշեց, որ Արևմուտքն առայժմ քննադատաբար է մոտենում այս խնդրին, որովհետև կա ձևավորված միջազգային կոալիցիա, որն այս կամ այն կերպ պայքարում էր ԻՊ-ի դեմ, բայց որի օրակարգում էր նաև Ասադի հեռացումն իշխանությունից ու ներսիրիական երկխոսության հարուցումը. «Հիմա ռուսական միջամտությամբ այս ծրագրերում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Առաջիկա 1 ամսվա ընթացքում ԱՄՆ-ը և Ռուսաստանը, թերևս, դատապարտված են համագործակցել առնվազն մեկ կետով. նրանք պետք է ինֆորմացիա փոխանակեն իրենց ռազմաօդային ուժերի գտնվելու վայրի մասին, որպեսզի կանխեն բախումները երկու երկրների օդուժերի միջև»:

Տեսանյութեր

Լրահոս