Մեծ Բրիտանիան ռազմական կոնտինգենտ կուղարկի Բալթյան երկրներ. Financial Times
Մեծ Բրիտանիան Բալթյան երկրներ կուղարկի իր զինվորականներին, որպեսզի ԱՄՆ-ի ու Գերմանիայի ստորաբաժանումների հետ պաշտպանի այդ երկրները «պոտենցյալ ռուսական ագրեսիայից» ու ուժեղացնի ՆԱՏՕ-ի արևելյան սահմանների պաշտպանությունը, գրում է Financial Times-ը:
Ինչպես սպասվում է, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Մայքլ Ֆելոնը այս մասին կհայտարարի այսօր Բրյուսելում դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպման ժամանակ:
Զորամիավորումների ներկայության ժամկետը բաց է մնում, սակայն այն կանցկացվի ռոտացիոն կարգով:
Ինչպես նշում է Financial Times-ը, այդ ձևակերպումը թույլ է տալիս ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային ու Գերմանիային խուսափել Մոսկվայի հետ «Սառը պատերազմի» վերջում կնքված համաձայնագրի վերաբերյալ խախտումների մեղադրանքներից:
Ինչպես նշում է թերթը, այդ քայլը, ամենայն հավանականությամբ, կբարդացնի Լոնդոնի ու Մոսկվայի հարաբերությունները:
Բրիտանիայի պաշտպանության նախարարության աշխատակիցների հաղորդմամբ՝ սկզբնական շրջանում կոնտինգենտը կսահմանափակվի մեկ վաշտով, այսինքն՝ 100 զինծառայողով, գրում է թերթը:
Նախարարությունում աղբյուրը հայտնել է, որ Ֆելոնը մտադիր է իր գործընկերներին հայտնել, որ Բրիտանիան պարտավորվում է աջակցել Արևելյան Եվրոպայի դեմոկրատական երկրների ինքնիշխանությանը:
Բալթյան երկրներ ուղարկվող զորամասերը պարբերաբար համատեղ զորավարժություններ կանցկացնեն Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի Զինված ուժերի հետ: