«Թուրքական քաղաքականությունը Սիրիայում ձախողվեց». Ալեքսանդր Իսկանդարյան

«Եթե նայենք ռազմաքաղաքական իրադարձություններին, ապա դրանք նշանակություն ունեն ոչ միայն Սիրիայի համար, այլև՝ տարածաշրջանային մյուս երկրների: Այն, ինչ այսօր կատարվում է Սիրիայում, շատ ավելի բարդ պատկեր է, քան ներկայացված է մամուլում: Սիրիայում որոշակի խմբեր պայքարում են ոչ միայն՝ իշխանությունների, այլև՝ միմյանց դեմ: Երկու ճամբարներում էլ առաջնորդության խնդիր կա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա՝ հնարավոր չէ վերականգնել Սիրիան այն տեսքով, ինչպես մինչև պատերազմն էր. «Թեև քարտեզի վրա Սիրիան կմնա՝ որպես միասնական պետություն, բայց իրականում այն կշարունակի լինել մասնատված»: Քաղաքագետը նկատեց՝ սիրիական զարգացումները կհանգեցնեն Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների փոփոխության: Նա նշեց, որ Իրանի դերակատարությունը ևս փոխվելու է, ու Իրանի համար քաղաքական և տնտեսական աճ կանխատեսեց:

«Ռուսաստանի հիմնական նպատակը Բաշար Ասադին պաշտպանելն է: Ռուսաստանի միջամտությամբ՝ կստեղծվի «ալավիտական Իսրայել», որը կլինի Ասադի իշխանության ներքո, և որին չի կարող հասնել Իսլամական պետությունը: Օդային օպերացիայով կարելի է միայն թուլացնել սիրիական ընդդիմությանը և սիրիական բանակին ցամաքային օպերացիայի հնարավորություն տալ»,- նկատեց նա:

Անդրադառնալով թուրք-ռուսական հարաբերություններին՝ սիրիական հակամարտության կոնտեքստում, նա ասաց. «Ավելի լավ է սպասենք մինչև նոյեմբերի 2-ը՝ Թուրքիայում անցկացվելիք ընտրությունները: Բայց մի բան հստակ է՝ Սիրիայում թուրքական քաղաքականությունը ձախողվեց: Հնարավոր է, որ վերադասավորումների արդյունքում կարճ ժամանակով թուրք-ռուսական հարաբերությունները վատթարանան»:

Խոսելով Սիրիայում միգրացիոն ճգնաժամի մասին՝ քաղաքագետը կանխատեսեց, որ այն կշարունակվի. «Երբ սկսվում են ինչ-որ դժվարություններ, դա արտահայտվում է միգրացիոն ալիքով: Եվրոպան և Ռուսաստանը պետք է հարմարվեն դրան: Դա ճգնաժամ չէ, այլ իրավիճակ, որով Եվրոպան պետք է ապրի. դեմոգրաֆիկ տրենդ է»:

Ըստ քաղաքագետի՝ Սիրիայի շուրջ զարգացումները կարող են օգտակար լինել Հայաստանի համար, եթե, իհարկե, հնարավոր լինի օգտվել այս իրավիճակից:

Տեսանյութեր

Լրահոս