Reuters-ի նախկին խմբագիրը մեղավոր է ճանաչվել Anonymous-ի հետ համագործակցելու մեջ
Հեղինակավոր Reuters գործակալության նախկին խմբագիրը մեղավոր է ճանաչվել ցանցահենային խմբավորման հետ համաձայնության գալու մեջ, որի նպատակն է եղել կոտրել Los Angeles Times թերթի ինտերնետ-կայքը:
Նման որոշում է կայացրել Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքի դաշնային դատարանը: Հետաքննության տվյալով՝ 28-ամյա Մեթյու Կիսը, ով 2010 թվականին աշխատել է The Tribune Company մեդիակորպորացիայում, որին է պատկանում Los Angeles Times-ը ու հետագայում ազատվել է աշխատանքից, Anonymous-ին է փոխանցել ընկերության ծառայողական օգտահաշիվների ծածկագրերն ու գաղտնագրերը:
Ինչպես հայտարարել է դատախազությունը, Կիսը արարքը գործել է՝ առաջնորդվելով վրեժխնդրությամբ:
Մատչում ստանալով ընկերության ծածկագրերին՝ ցանցահենները կոտրել են Los Angeles Times-ի կայքը՝ փոփոխություններ կատարելով լրատվական հոդվածների բովանդակության մեջ:
Ինչպես հայտնել են The Tribune Company-ից, ցանցահենային հարձակման հետևանքով ընկերությանը հասցվել է 18 հազար դոլարի վնաս:
Ավելի ուշ Կիսն աշխատանքի է ընդունվել Reuters-ում՝ որպես խմբագիր, սակայն այնտեղից նույնպես աշխատանքից հեռացվել է 2013 թվականին:
Նրա նկատմամբ վերջնական դատավճիռը կհայտարարվի հաջորդ տարվա հունվարին: Տղամարդուն կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում: