Վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներին պետական միջոցներից կտրամադրվեն օտարերկրյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության միջոցներ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ ՀՀ ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Մհեր Շահգելդյանի և Լևոն Դոխոլյանի ներկայացրած օրենքի նախագիծը: Պատգամավորները ներկայացրել էին «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողներին տրամադրել պետական միջոցների հաշվին օտարերկրյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը հոգալու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք է:

ՀՀ կառավարության եզրակացության նախագիծը ներկայացնող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքով, ելնելով մարտական պայմաններում զինվորական ծառայություն իրականացնող զինծառայողների հետ կապված խնդիրների թիրախայնությունն ապահովելու անհրաժեշտությունից, օտարերկրյա պետությունում բուժում ստանալու հնարավորություն է ընձեռվել մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներին: Ըստ նրա՝ օրենքում կատարված փոփոխությունը նոր է ուժի մեջ մտել, և դեռևս գործողության մեջ հնարավոր չէ գնահատել դրա արդյունքները:

Այդ պատճառով, հաշվի առնելով սա, ինչպես նաև պետական միջոցների հնարավորությունները, կառավարությունն առաջարկում է առայժմ այդ շրջանակն ընդարձակել միայն ծառայողական պարտականությունները կատարելիս հակառակորդի գործողությունների հետևանքով վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներով:

Տեսանյութեր

Լրահոս