Նաիրա Զոհրաբյանը պատժում է. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում խիստ լարված մթնոլորտ է, որն առաջիկայում կարող է ավելի աղմկոտ դրսևորումներ ստանալ։ Երեկ առավոտյան ԲՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության կենտրոնի 9-րդ տարածքային կազմակերպության խորհրդի նիստը, որի օրակարգում եղել է ԲՀԿ տարածքային խորհրդի անդամ, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ էլինար Վարդանյանի կուսակցության անդամակցության նպատակահարմարության հարցը։

Նիստին ներկա են եղել խորհրդի 15 անդամներից 11-ը։ Մեր ձեռքի տակ է նիստում ընդունված որոշումը, որտեղ նշված է. «Հիմք ընդունելով ԲՀԿ կանոնադրությունը, կուսակցության տարածքային կազմակերպությունը միջնորդում է կուսակցության քաղաքական խորհրդին՝ էլինար Վարդանյանի կուսակցական լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ»։ Որոշումն ընդունվել է միաձայն։

Ըստ ԲՀԿ կանոնադրության, կուսակցության քաղխորհուրդը պետք է հաստատի կամ մերժի տարածքային կառույցի որոշումը։ Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին տեղի է ունենալու ԲՀԿ քաղխորհրդի նիստ, եւ տվյալ պարագայում, ըստ էության, անհավանական է, որ քաղխորհուրդը չհաստատի տարածքային կազմակերպության որոշումը։ Այսպիսով, կարելի է համարել, որ էլինար Վարդանյանը հեռացված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերից։ Որոշման հիմքում ընկած է որպես ԲՀԿ քաղխորհրդի անդամ՝ կուսակցական աշխատանքները տոտալ բոյկոտելը, խմբակցության նիստերին չմասնակցելը, կուսակցական կազմակերպչական աշխատանքներին որեւէ մասնակցություն չունենալը, մարզային այցերի գնալուց կատեգորիկ հրաժարվելը, զրոյական գործունեությունը որպես կուսակցության անդամ։

Հիշեցնենք, էլինար Վարդանյանը համարվում է ԲՀԿ-ի քոչարյանական թեւի ներկայացուցիչներից մեկը։ Սույն թեւի մյուս անդամները Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը ԲՀԿ անդամ չեն։

Մեզ հայտնի դարձավ, սակայն, որ Զոհրաբյանը Աժ նախագահին խնդրել է չեղյալ չհամարել էլինար Վարդանյանի գործուղումը Նորվեգիա, ուր նա պետք է մեկնի այսօր, ՆԱՏՕ-ի ԽՎ հայաստանյան պատվիրակության հետ մասնակցելու Վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին։ Երեկ էլինար Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասում էր, որ ինքը խմբակցության նիստին ներկա չի եղել, իսկ ավելի ուշ հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ.

«Ինձ համար տհաճ անակնկալ էր այն, որ իմ անձի հետ կապված հարցի քննարկում նախատեսող խմբակցության նիստի վերաբերյալ ես տեղյակ չեմ եղել։ Ես դա ուզում եմ արձանագրել։ Դա ճիշտ մշակույթ չէ։ Ուզում եմ նաեւ ընդգծել՝ ես ԲՀԿ խմբակցության անդամ եմ։ Ընտրական օրենսգիրքն այլ լուծում պարզապես չի նախատեսում, եւ խմբակցության մոտեցումները եւ շահերը իմ կողմից միշտ հաշվի են առնվում։ Ես նաեւ կուսակցության անդամ եմ, եւ չի եղել մի դեպք, երբ ես անտեսեմ ինձ դիմած որեւէ շարքային ԲՀԿ-ականի շահերը կամ անեմ մի քայլ, որը կուսակցությանը վնաս կպատճաոի։ Ինչ վերաբերում է քվեարկություններին, ապա ՀՀ Սահմանադրության համաձայն, ես առաջնորդվում եմ իմ խղճով եւ համոզմունքներով»։

Հիշեցնենք, ԲՀԿ խմբակցությանը «կողմ» քվեարկեց Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու Աժ որոշմանը, սակայն, խմբակցության քոչարյանական թեւը քվեարկությանը չմասնակցեց։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ ըստ ԲՀԿ նախագահի, երեկվա որոշումները որեւէ կապ չունեն Սահմանադրության քվեարկության հետ։ «Բոլոր փորձերը՝ խնդիրը տեղափոխել Սահմանադրության նախագծի քվեարկության դաշտ, առնվազն կլինեն անպարկեշտ, որովհետեւ այնպես չէ, որ իրենք եկել են եւ քվեարկել են «ոչ» ու դրա համար պատժվում են։ Եթե անգամ քվեարկեին «ոչ», դա իրենց սկզբունքային դիրքորոշումն է, ինչը արել է Տիգրան Ուրիխանյանը։ Որեւէ մեկը մեր գործընկերներին չէր խանգարում գալ եւ իրենց սկզբունքային դիրքորոշումը քվեարկությամբ հայտնել»,– մեր զրույցում ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ նրանց, այդ թվում եւ իր բաբացակայություն սույն քվեարկությունից համարել է հարգելի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս