Հանքերի Սիլվան հիմա էլ Պաշտոնյայի է սպառնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մշտապես աղմկալի պատմությունների կիզակետում հայտնված գործարար Սիլվա Համբարձումյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում։ «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործարարը այս օրերին գտնվում է դատական պրոցեսի մեջ եւ դատավորների միջոցով փորձում է իր ընկերությունների դեմ ներկայացրած հայցերը «ջրել տալ»։ Տեւական ժամանակ է, ինչ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ապտակ ստացած գործարար Սիլվա Համբարձամյանը կարծես թե «լռել» էր։

Այս տիկինը պարբերաբար հայտնվում է աղմկալի իրադարձությունների կենտրոնում, իր վրա բեւեռում բոլորի ուշադրությունը, այնուհետեւ ասում, թե ինքը կապ չունի, իրեն վիրավորել են, ապտակել են, «բոյով մեկ» «քցել» են։ Բանն այն է, որ սեպտեմբերի 25-ին լրատվամիջոցների հետ զրույցում գործարարը հայտարարել Էր, թե պատրաստվում է կաշառքի հայտարարություն անել պետական պաշտոնյայի մասին։

Ավելին՝ գործարարը ասել էր, թե մինչ օրս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն իր պարտքերը չեն վերադարձրել։ Թե ինչ կաշառքի մասին հայտարարություն պետք է անի Սիլվա Համբարձումյանը, դեռ չի շտապում գաղտնազերծել։

Փոխարենը «ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Սիլվա Համբարձումյանը դատական մի շարք հայցեր ունի իրեն պատկանող ընկերությունների դեմ եւ հիմա էլ դատական համակարգում ծանոթների միջոցով փորձում է հայցերը կա՛մ մերժել տալ, կա՛մ հայցվոր ընկերություններին փորձել համոզել, որ ինչ-ինչ ճանապարհով հայցից հրաժարվեն։ «ժողովուրդ»-ը հետաքննություն անցկացրեց եւ պարզեց, օրինակ՝ 2015 թվականի փետրվարի 24-ին «Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ-ն դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Կալաչ» ՍՊԸ-ից գումար գանձել, սակայն ընկերության հայցը մերժվել Է։ Դրանից առաջ՝ 2014-ին, «ՎՏԲ- Հայաստան բանկ» ՓԲԸ-ն էր դիմել դատարան՝ ընդդեմ «Կալաչ» ՍՊ ընկերության, Սիլվա Համբարձումյանի, «Սիփան-1» ՍՊ ընկերության, «Լուլիար» ՍՊ ընկերության՝գումարի բռնագանձման եւ բռնագանձումը գույքի վրա տարածելու պահանջով։ Ու մինչ դատարանը կսկսեր դատաքննությունը, բանկը հրաժարվեց հայցից, ու խնդիրը լուծվեց։

Ավելին՝ Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ՍՊ ընկերությունից գումար գանձելու պահանջով դատական հայց էր ներկայացրել նաեւ «Դի Էս Սիս-թեմս» ՍՊԸ-ն ու թեեւ Սիլվա Համբարձումյանին պատկանող ընկերության ներկայացուցիչը դատական նիստի վայրի եւ ժամանակի մասին պատշաճ ծանուցվել է, սակայն չի ներկայացել։ Իսկ դատարանն էլ՝պարզելով որ «Կալաչ» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել, որոշել էր գործը փակել։ Ու թեեւ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ «Կալաչ» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել, որի մասին «ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերի 24-ին հրապարակեց, այնուամենայնիվ գործարար Սիլվա Համբարձումյանը որոշեց խուսափել իրականությունից։ «Ոչ մի բան չկա, «Կալաչ»–ը վերսկսում է, վերսկսել է աշխատել, ոչ մի աճուրդի երբեք չի եղել, ուխտը ինչքան ընկնի, մի իշաբեռ ունի»,– ահա, այսպես պատկերավոր էր իր վիճակը բացատրել տիկինը։ Իսկ որտե՞ղ է էշն ու իշաբեռը։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս