Բաժիններ՝

Ռուսական նավերը հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում ԴԱԻՇ-ի դիրքերին

Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմի նավերը 26 հարված են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«4 հրթիռակիր նավերը 26 թևավոր հրթիռ են արձակել ԴԱԻՇ-ի 11 թիրախի ուղղությամբ: Օբյեկտիվ հսկողության տվյալով՝ բոլոր թիրախները ոչնչացվել են, քաղաքացիական օբյեկտներ չեն տուժել»,- հայտնել է Շոյգուն:

ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով՝ սեպտեմբերի 30-ից մինչ օրս Սիրիայում հարվածներ են հասցվել իսլամիստների 112 օբյեկտի:
«Հարվածների ինտենսիվությունն ավելանում է: Վերջին երկու օրերին հայտնաբերվել են մեծաքանակ օբյեկտներ՝ ղեկավարման կետեր, ռազմամթերքի պահեստներ, զրահատեխնիկաներ, զինյալներ մարզելու ճամբարներ»,- հայտարարել է նա:

Պուտինը դրական է գնահատել Սիրիայում ռուս զինվորականների գործողությունները:
«Մենք գիտենք, թե որքան դժվար են նման կարգի հակաահաբեկչական օպերացիաները, ու իհարկե, արդյունքներն ամփոփել դեռ վաղ է, սակայն այն, ինչ արված է մինչ օրս, արժանի է բարձր՝ դրական գնահատականի»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Տեսանյութը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս