«Երկրորդ և երրորդ նախագահներին հասարակության մեջ բոբոներ մի՛ դարձրեք». Գալուստ Սահակյանը հիասթափված է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որոշ առումով հիասթափված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից, որում Քոչարյանը սուր քննադատության էր ենթարկել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում Գ.Սահակյանը նշեց, որ ավելի բարձր աժևորումներով և քաղաքական գնահատականներ կարող էր հնչեցնել երկրորդ նախագահը:
Գ.Սահակյանը հերքեց, որ հաջորդ ընտրություններում Քոչարյանը կարող է լինել ՀՀԿ թեկնածուն: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն, գուցե գլխավոր դերակատարում չունենա, բայց կմասնակցի ընտրություններին:
«ՀՀԿ-ն թեկնածուների որոնման մեջ չէ, ունի շատ թեկնածուներ»,- հայտարարեց Գ.Սահակյանը, սակայն չբացահայտեց, թե Սերժ Սարգսյանն ում նկատի ուներ՝ հայտարարելով, որ գիտի իր հաջորդի անունը:
Ըստ ԱԺ նախագահի՝ Քոչարյանը դեռ շարքային ընդդիմադիր չէ, այդպիսին դառնալու համար պետք է հայտարարի ընդդիմադիր լինելու մասին: Նա լիովին բնական համարեց, որ Ռ.Քոչարյանը ցանկանում է կրկին ղեկավարել երկիրը. «Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկացավ վերադառնալ, ինչի՞ պիտի Ռոբերտ Քոչարյանը չցանկանա վերադառնալ»:
168.am-ի դիտարկմանը, որ փաստորեն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ժառանգաբար փոխանցում են նախագահի աթոռը միմյանց, Գ.Սահակյանը պատասխանեց. «Չէ, չեն փոխանցում, արխային»:
Հարցին, որ եթե Քոչարյանը մասնակցի 2017-2018 թթ. ընտրություններին, հնարավո՞ր է կրկնվեն 2008-ի հետընտրկան դեպքերը, Գ.Սահակյանը պատասխանեց. «Երկրորդ և երրորդ նախագահներին հասարակության մեջ բոբոներ մի՛ դարձրեք: Նրանք իրենց արժանիքներն ունեն, նրանք գտնվում են հասարակության տեսադաշտում: Ես չեմ կարծում, որ նրանք գնում են այն ճանապարհով, որ այդպիսի լարվածություն ստեղծեն, որ ժողովրդին վնաս պատճառեն»: