«Եսիմ ինչ տողերի համար չէին բռնի ու բնակարան տային». Զառա Արամյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Զառա Արամյանը եւս այն մարդկանց թվում է, որին քաղաքապետարանը բնակարան է նվիրելու: Տունը 90.8 քմ մակերես ունի, գտնվում է Մարգարյան փողոցի 45 շենքում: Aravot.am-ը փորձեց Զառա Արամյանից մեկնաբանություն ստանալ, թե՞ որ ծառայության համար է քաղաքապետարանի բյուջեից նման թանկարժեք նվեր ստանում: Տիկին Արամյանն ասաց, որ լրագրողներից է տեղեկացել այդ մասին: Մեր դիտարկմանը՝ չի՞ կարծում, որ այդ բնակարանը նվիրել են իրեն՝ իր ֆեյսբուքյան հայտնի գրառումից հետո, որը արդեն ջնջված է, Զառա Արամյանը բացասական պատասխան տվեց, ասելով, որ բնակարանի համար տարիներ առաջ էր դիմել, եւ երեւի հարգել են իր՝ մշակույթի վաստակավոր գործչի վաստակը:

«Գրառումս երեւի հանրությունը սխալ ընկալեց կամ գուցե ես մտքերս սխալ ձեւակերպեցի՝ տոնակատարության հետ կապված, իմ հայրը՝ երաժիշտ Ֆելիքս Արամյանն է այս տոնակատարության հիմնադիրը: Քանի որ ինքը գամված է անկողնուն, եւ ես ուրախանում եմ, որ ինքը ամեն օր լուսացնում է, ոնց որ չեմ ուզել, որ իր արած գործը ընդհատվի… Եվ հետո չեմ կարծում, որ գրառման պահով է բնակարան տրվում, որ էդպես վերցնենք, ինչպիսի՜ մարդիկ են գրառումներ անում, եւ բնակարան տալն էլ խաղ ու պար չէ, եսիմ ինչ տողերի համար չէին բռնի ու բնակարան տային»,-ասաց մեր զրուցակիցը»:

Ամբողջությամբ կարող եք «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս