«Շատ ուրախ կլինեի, եթե Ռոբերտ Քոչարյանը, քննադատելով գործող իշխանություններին, ընդուներ նաև իր մեղքը և ներողություն խնդրեր». Գագիկ Համբարյան
«Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ի սկզբանե էր դեմ սահմանադրական բարեփոխումներին, իսկ այն ԱԺ-ում ընդունվելուց հետո՝ նախագահն ավելի խիստ գնահատականներ տվեց դրանց»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօր տված հարցազրույցի մասին՝ ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Նա նշեց, որ ինքը համաձայն է երկրորդ նախագահի նշած այն վտանգավոր կետերի հետ, որը կա այդ սահմանադրական բարեփոխումների նախագծում:
Մեր այն դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ երկրորդ նախագահը, քննադատելով այս իշխանություններին, մատնանշելով այսօրվա նրանց արատները՝ փորձում է ցույց տալ, որ իր նախագահության ժամանակ այդ թերությունները չեն եղել, այնինչ իրականում դրանք այն ժամանակ էլ են եղել, Գ. Համբարյանը պատասխանեց, որ այն թերությունները, որոնք այսօր կան ՀՀ-ում, դրանց հիմքերը դրվել են դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, ավելի մեծ մասշտաբների են հասել Ռոբերտ Քոչարյանի օրոք և ամրապնդվել ու ավելի «այլանդակ» դրսևորումներով արտահայտվում են ներկայիս գործող նախագահի օրոք. «Այստեղ խնդիրն այն է, որ հասարակությունն ինչքան էլ չընդունի երկրորդ նախագահին և անընդհատ իր հետ կապի Մարտի 1-ի դեպքերը, բայց միևնույն ժամանակ՝ հասարակությունը նաև չի մոռանում, որ իրոք Ռոբերտ Քոչարյանի օրոք բավական բարվոք վիճակում էր Հայաստանի տնտեսությունը, իրոք կար աճ, նրան հաջողվեց այն, ինչ չի հաջողվել ո՛չ առաջին նախագահին, ո՛չ երրորդ նախագահին»:
Մեր այն հարցին էլ՝ բայց եթե Ռ. Քոչարյանն այդ բոլոր թերությունների ամրապնդվելու մեջ մաս է կազմել, ինքն իրավունք ունի՞ խոսել այդ թերությունների մասին ու քննադատել գործող իշխանություններին, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Ես շատ ուրախ կլինեի, եթե Ռոբերտ Քոչարյանը, քննադատելով գործող իշխանություններին, ընդուներ նաև իր մեղքը և ներողություն խնդրեր: Այդ ժամանակ, իհարկե, հասարակությունը քիչ թե շատ ավելի դրական կվերաբերվի Ռոբերտ Քոչարյանի այսպիսի ելույթներին, որովհետև, եթե Ռոբերտ Քոչարյանը մտածում է՝ հասարակությունը հիմա մոռացել է, իրականում դա այդպես չէ: Եթե մարդ ընդունում է, որ ինքը սխալներ է արել ու բացեիբաց այդ մասին խոսում է, դա շատ գնահատելի է, բայց եթե մարդն անընդհատ քննադատում է՝ մտածելով՝ իր արած բացթողումները հասարակությունը մոռացել է, իհա՛րկե դա սխալ է»: