«Նախագահի խոսքը դա իր ժողովրդի խոսքն է և այսօր ազգովի չլինել նրա կողքին, ուրեմն կունենանք պարտված խոսք». Ռուբեն Գևորգյան

ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հայտարարությունը ԱԺ-ում.

«Ողջունելի է Վաշինգտոնում ՄԱԿ-ի ամբիոնից մեր երկրի նախագահի ելույթը, որը պատերազմում հաղթանակած և արյամբ ընդգծված սահման ունեցող երկրի ղեկավարի խոսք էր և դիրքորոշում՝ ընդդեմ թշնամի Ադրբեջանի:

Երկրի նախագահի ելույթում պարզ հայտարարվեց թշնամու կողմից նետված պատերազմի ձեռնոցը ընդունելու և նրան պատժելու մեր երկրի պատրաստակամությունը: Նախագահի խոսքը դա իր ժողովրդի խոսքն է և այսօր ազգովի չլինել նրա կողքին, ուրեմն կունենանք պարտված խոսք, իսկ պարտված խոսքի դեպքում՝ պարտված պատերազմ և պարտված ժողովուրդ: Ուստի, երկրի սահմաններում տիրող այս լարված իրավիճակում, երբ երկիրը ներ է քաշված պատերազմի մեջ՝ բոլոր տեսակի ընդվզումները, որոնք կխաթարեն երկրի ներքաղաքական անդորրը և իրենց գործողություններով միջազգային հարթության մեջ կներազդեն մեր երկրի վարկանիշի վրա՝ խստորեն դատապարտելի է:

Ի վերջո, հասկանալ է պետք, որ հայրենի հողը արյուն է և հայ ժողովուրդը միայն իր միասնականությամբ կարող է հանդիսանալ նմանատիպ արյան արժեքը պահպանող մեծագույն արժեք: Երկրում տիրող ամեն մի դժվարին վիճակ՝ դա լինի տնտեսական, թե սոցիալական, երբեք չպետք է դառնա պատճառ շեղվելու արյան այդ գիտակցությունից: Մենք ուրիշ կյանք չենք ունեցել, երբ վտանգվել է մեր հողը և առավել ոչ մի հարց պիտի չունենանք երկրի ներսում, երբ երկիրը ներ է քաշված պատերազի մեջ:

Հայրենիքի պաշտպանության խնդիրը ամեն մի հայի համար պիտի լինի էության պահանջ: Հարկավոր է լինել միասնական՝ լինել պետության կողքին և մեր պետության ճակատագրին վերաբերող ամեն մի հարցում նրան դարձնել անխոցելի: Մեր ազգը մշտապես գոյություն ունեցող հզոր ոգիների միավորվածությունն է և մեր ժողովրդի մեջ գլխավորը ոչ թե պիտի լինի ինչ-որ քաղաքական կողմնորոշում , այլ դարերից եկող նրա հոգեբանական նկարագիրը:

Ի վերջո, պատերազմող երկիր ենք, իսկ պատերազմները ժողովուրդների հոգու բարձր կարողությամբ է պայմանավորված: Այսօր նեղանալ, ըմբոստանալ և հեռանալ երկրից, երբ երկիրը վտանգի մեջ է, ամոթ է ու ծիծաղելի: Վերջապես, հայրենիքը նեղանալու իրավունք ունի մեզանից մեր կիսատ թողած գործերի համար: Այսօր ազգովի պիտի տեր կանգնենք ազատագրական պայքարում տարած մեր հաղթանակներին՝ պայքար, որն Արցախի անկախության պայքար էր, և ներկա սերունդների իրավունք մեր նախնիների թողած ժառանգությունը ստանալու:

Այսօր Երդվյալ ազատամարտիկները գտնվելով պետության կողքին՝ ամեն րոպե պատրաստ են երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանատարության ներքո մեկնել ամենավտանգավոր սահմանային գիծ, մեր դիրքապահ զինվորների հետ կողք կողքի մարտնչել ընդդեմ թշնամու»:

Տեսանյութեր

Լրահոս