
Ռուսական ինքնաթիռների ներխուժումները Թուրքիա նման չեն պատահականության. ՆԱՏՕ

Ռուսաստանը Հյուսիսատլանտյան դաշինքին չի տրամադրել «ոչ մի իրական բացատրություն» Թուրքիայի օդային տարածքը խախտելու վերաբերյալ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի օդային տարածքում տեղի ունեցածը «նման չէ պատահականության» ու անթույլատրելի է:
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի իշխանությունները այսօր երկրորդ անգամ են կանչել Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին՝ պահանջելով բացատրություններ ներկայացնել, թե ինչպես է ռուսական ռազմական ինքնաթիռը հայտնվել Թուրքիայի օդային տարածքում:
Համաձայն Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության՝ դեպքը տեղի է ունեցել անցած կիրակի:
Մոսկվան դեռ հանդես չի եկել պաշտոնական մեկնաբանությամբ երկրորդ դեպքի առնչությամբ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Թուրքիայի օդային տարածքի նախորդ խախտումը բացատրել էր եղանակային վատ պայմաններով ու օդանավակայանի տեղադրությամբ: