Պարույր Հայրիկյանը պատրաստվում է դիմել գլխավոր դատախազին

«Երեկ ոստիկանության ոչ համարժեք գործողությունների շնորհիվ բավական լսելի դարձավ հանրային Ոչ-ը, որովհետև եթե ոստիկանությունը այդպիսի միջամտություն թույլ չտար, ամենայն հավանականությամբ, այդ Ոչ-ի տրամադրության մասին այնքան էլ շատ մարդ չէր իմանա: Իսկ ոստիկանության միջամտությունը նպաստեց նրան, որ դեպքերին տնից հետևող քաղաքացիները հասկանան՝ իրենք մենակ չեն: Խոսքս այն քաղաքացիների մասին է, որոնք մտահոգ են, բայց իրենց թվում է, թե մենակ են»,-այսօրվա ասուլիսին նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Ըստ նրա՝ Ազգային ժողովի երեկվա որոշումը շատ շուտով մեկ այլ բան էլ է մերկացնելու, եթե գործը հանրաքվեի հասնի. «Ստացվում է, որ մեր ԱԺ-ի մոտ 80%-ը կողմ է մի նախագծի, որին, սրանից ընդամենը երկու ամիս առաջ, շատ լուրջ վրացական հասարակական կազմակերպության հարցումներով՝ դեմ էր ժողովրդի 81%-ը: Քաղաքացիները 81%-ով դեմ են այսպիսի փոփոխություններին, ինչը տրամաբանական է, որովհետև ոչ մի ողջախոհ մարդ չի ասի՝ իմ իրավունքն ինձնից վերցրեք, տվեք ինչ-որ միջակությունների: Խոսքը երկրի գլխավոր դեմքի ընտրության մասին է: Երեկվա քվեարկությամբ նաև ապացուցվեց, որ մեր այս ԱԺ-ն , որը պետք է լիներ ժողովրդի գլխավոր ներկայացուցչական մարմինը, ոչ մի կապ չունի մեր ժողովրդի հետ»:

Պարույր Հայրիկյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը հակասահմանադրական է, և ինքը ծրագրում է դիմել հանրապետության գլխավոր դատախազին, որպեսզի հանձնաժողովի բոլոր անդամները քրեական պատասխանատվության ենթարկվեն. «Սահմանադրությունն ասում է, որ պետական բոլոր մարմինները պարտավոր են քաղաքացիներին պատշաճ պատասխան տալ: Մենք դեռ անցած տարի պաշտոնապես դիմել ենք հանձնաժողովին՝ ներկայացնելով Սահմանադրության այլընտրանք, որն իրենք անտեսել են: Ի վերջո, այդ հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ կա այլընտրանքային նախագիծ, որին իրենք չեն անդրադարձել: Այս տարի մեզ հրավիրեցին հանդիպման, որից փախել են. հանրապետության գլխավոր ներկայացուցիչը փախել է մեզ հետ հանդիպումից: Հետո ներողություն խնդրեցին՝ պայմանավորվելով մեկ շաբաթ անց հանդիպել, որպեսզի մասնագետների հետ քննարկեն մեր ներկայացրած առաջարկը, որը ևս տեղի չունեցավ: Դա Սահմանադրության խախտում էր»:

Տեսանյութեր

Լրահոս